Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բողոք է ներկայացվել շվեդական ոստիկանություն, որից հետո Լեյլանին ստիպված է եղել թողնել պաշտոնը». Հրապարակում շվեդական Blankspot պարբերականում

Հունվար 17,2022 18:50

Հունվարի 17-ին շվեդական Blankspot պարբերականում հրապարակվել է շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի հոդվածը, որում նշված է, որ Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալությունը» հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել Շվեդիայում գործունեություն ծավալող «Ադրբեջանական կոնգրես» եւ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպություններին (Նշյալ երկու կազմակերպությունները տարիներ շարունակ դրամաշնորհներ են ստացել «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կողմից։ Միայն 2020-2021թթ. ընթացքում կազմակերպությունը ստացել է 709,580 շվեդական կրոն (շուրջ 70 հազար եվրո)։ Կայացված որոշման պատճառաբանության մեջ ասված է, որ այդ երկու կազմակերպությունները հարաբերություններ ունեն Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի հետ, որը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։

Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կատարած ուսումնասիրությունը բացահայտել է, որ «հավանական են որոշակի կապերի առկայություն «Ադրբեջանի ազգային միության» եւ թուրքական «Գորշ գայլերի» եւ/կամ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի միջեւ»։ Որոշման հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում արված հրապարակումները եւ 2020թ. հոկտեմբերին Ստոկհոլմում ադրբեջանական համայնքի կազմակերպած ցույցերը, որոնք աջակցություն էին հայտնում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում։

Հրապարակվել է նաեւ «Ադրբեջանի ազգային միության» մեկնաբանությունը, որը հերքել է կապը «Գորշ գայլերի» հետ՝ նշելով, որ կազմակերպությունը երբեք որեւէ հարաբերություն չի ունեցել այսպես կոչված «Գորշ գայլերի» հետ։ Ավելին, կազմակերպությունը հայտնել է, որ իրենց անդամների շուրջ 60%-ը Ադրբեջանում համարվում են անցանկալի անձ, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունի Ադրբեջանի ներկայիս կառավարության հանդեպ։

Հոդվածում որոշակի մանրամասներ են ներկայացվել նաեւ Շվեդիայում «Գորշ գայլերի» գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, վարկած կա, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները ներգրավված են եղել 2017-ին Շվեդիայում քուրդ ցուցարարի գնդակահարության գործում։ Շվեդիայի «Կանաչների» կուսակցության անդամ, ծագումով թուրք Մեհմեթ Քափլանը, որը զբաղեցնում էր Շվեդիայի բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը, ստիպված է եղել 2016-ին հրաժարվել իր պաշտոնից՝ Շվեդիայում «Գորշ գայլերի» ղեկավարների հետ ընթրիքի լուսանկարների հրապարակման պատճառով։ (Բարձրացված աղմուկից հետո նախարարը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ չի կարող վերահսկել, թե ովքեր են մասնակցում ընթրիքին, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Այդուամենայնիվ, պարոն Քափլանը ստիպված է եղել թողնել նախարարի պաշտոնը։

Շվեդիայում տեղի ունեցած տարբեր դեպքեր փաստում են, որ ծայրահեղ աջակողմյան, ահաբեկչական այդ կազմակերպության թիրախում են Շվեդիայում բնակվող քրդերը եւ քրդական կազմակերպությունները։ Հատկանշական է նաեւ, որ 2018թ․ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շվեդիայում բնակվող Թուրքիայի 841 քաղաքացի քվեարկել է Թուրքիայում գործող «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին, որը համարվում է «Գորշ գայլերի» անմիջական հովանավորը եւ այդ կառույցի քաղաքական թեւը։

Շվեդական կողմի կատարած ուսումնասիրության արդյունքում նշվել է, որ «Ադրբեջանի ազգային միություն» կազմակերպության գանձապահ Թեյմուր Էմինբեյլին թյուրքական աշխարհի վերամիավորման ջատագով համարվող «Ազգային շարժման միության» (Milli Herekatçılar Birliyi) հիմնադիր անդամ է։ Ավելին, կարծիք կա, որ Էմինբեյլին հանդիսանում է ադրբեջանական ընդդիմության անդամ, որը ստիպված լքել է Ադրբեջանը 1993թ․-ին եւ կապեր է ունեցել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։ Էմինբեյլիի ֆեյսբուքյան էջի հետնապատկերին պատկերված է երկու երեխա, որոնք կրում են Էլչիբեյի դիմանկարով շապիկներ։

Հոդվածում նշվել է նաեւ, որ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպությունը Ստոկհոլմում ցույցեր է կազմակերպել նաեւ 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Շվեդիայի «Թուրքական ֆեդերացիա» կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին՝ հորդորելով. «Վե՛ր կացեք, թուրքեր։ Հայ շները պետք է զգուշանան։ Մա՛հ հայ շներին»։ Այս ելույթից հետո բողոք է ներկայացվել շվեդական ոստիկանություն, որից հետո Լեյլանին ստիպված է եղել թողնել պաշտոնը։ Այդ դեպքը տեղի է ունեցել շվեդ նախարար Քափլանի հետ ընթրիքի լուսանկարների հրապարակումից օրեր առաջ։ Ընթրիքի լուսանկարներում երեւում է, որ շվեդ նախարարի հետ միեւնույն սեղանի շուրջ եղել է նաեւ Լեյլանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31