«Բնականաբար լարված են նյարդերը: Իշխանությունները մի գործընթաց են սկսել, որը որեւէ լավ բանի չի բերելու: Ինչքան էլ խոսեն այն մասին, որ առանց նախապայմանների են բանակցությունները, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան ու ակնհայտ է, որ Հայաստանն այդ նախապայմանները բավարարելու խոստումներ միգուցե ոչ ֆորմալ արդեն տվել է»,- ԱԺ-ում լրագրողների ետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ եթե խաղաղության դարաշրջանից խոսողը գնա սփյուռք, սփյուռքում ավելի հուժկու կլինեն բողոքի ցույցերը, որովհետեւ ոչ միայն Արեւմտյան Հայաստանի անօտարելի իրավունքներից են փորձում հրաժարվել, նաեւ Արցախի պարտությունը կա: Նա նշեց, որ Էրդողանն ու նրա նախորդները միշտ փորձել են սեպ խրել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ. «Չմոռանանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը՝ նարինջ ուտող սփյուռքահայերի վերաբերյալ եւ զարմանալի չի, որ հենց իր ժամանակ փորձ էր արվում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել»:
Արթուր Խաչատրյանը խոսեց դիմադրության շարժման մասին, ասաց, որ հանգստյան օրերին մարզերում են եղել, հանդիպումներ անցկացրել. «Տեղերում փորձում ենք ձեւավորել բջիջներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում դիմադրություն կազմակերպել կառավարության այս ապօրինի ու ազգադավ հարցերին: Տասը հոգու ռեսուրսը բավարար չի, պետք է խոշոր ռեսուրս, որ կարողանաս դիմակայել»:
Կարդացեք նաև
Ըստ Խաչատրյանի, հասարակությունը զարթնում է, իշխանություններն էլ քիչ-քիչ զգում են, որ հողը ոտքերի տակից գնում է:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին գնահատական տալով՝ ասել էր. «Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»:
Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Հիշեցնեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն մարդն է, որը 2008-ի Մարտի 1-ին նաեւ ինքը խտրականություն չէր դնում միջոցների մեջ եւ այսօրվա ընդդիմությանն է մեղադրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ