«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կառավարության հեղինակած փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանում երկու առանձին պալատներ կստեղծվեն։ ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրեց, որ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ։
«Վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննությունը»,-նշեց փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ որոշ երկրներում նշյալ պալատներն առանձին են, իսկ որոշ դեպքերում որպես առանձին դատարաններ են գործում։ Թումանյանցը նաեւ հայտնեց, որ այս օրենսդրական փոփոխություններով վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը կունենա 7, իսկ վարչականը՝ 5 դատավոր․ միասնական պալատի գործող նախագահի լիազորությունները դադարեցվելու են։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց՝ զգուշացնում են, որ սա վատ նախադեպ է լինելու, որովհետեւ պալատի նախագահի լիազորությունները ժամկետից դուրս են դադարեցվելու։ Պատգամավորի խոսքով՝ պալատների առանձնացումն առհասարակ ինքնին դրական երեւույթ է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ