ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ:
Նախագծի ընդունման դեպքում պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով:
Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում և հասանելի կլինեն www.e-verify.am կայքում: Կրթության թվայնացված ավարտական փաստաթղթերը կունենան անհատական QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել փաստաթղթերի վավերականությունը և իսկությունը: Ըստ նախագծի` հնարավոր կլինի ներբեռնել ավարտական փաստաթուղթը և անհրաժեշտության դեպքում նաև թղթային տարբերակով տպել:
Նշենք, որ ներկայում ավարտական փաստաթղթերը հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրամադրվում են թղթային տարբերակով. դա պահանջում է մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, հավելյալ ժամանակ:
Ավարտական փաստաթղթերի թվայնացումը նպատակ ունի կրճատելու հանրակրթության ոլորտի վարչարարությունը` նպաստելով թվային գործիքների զարգացմանը և ռեսուրսների խնայողությանը:
Կարդացեք նաև
Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2022 թվականի հունվարի 29-ը: Մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կառույցներն ու կազմակերպություններն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ