Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ դահլիճից վիրավորանք է հնչել իմ հասցեին ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից». Հակոբ Արշակյան

Հունվար 17,2022 18:09

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան,ը որը ԱԺ նախագահի պարտականություններն է կատարում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ընդդիմությունը բերում է այնպիսի թեզեր, որոնք հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների բանակցությունները. «Իբր մենք՝ ՀՀ օրինական ու ընտրված իշխանությունները չենք բխեցնում մեր արարքները՝ ի շահ ՀՀ-ի: Նման դրսեւորում ստացվեց այսօրվա քննարկումների տրամաբանության մեջ ու փաստացի ՀՀ անունից Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանի անունը փորձվեց պիտակավորել՝ իբր Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու: Ռուբեն Ռուբինյանը բավականին կոշտ արձագանքեց: Սուր իրավիճակի կուլմինացիան եղավ»,- ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն այսպես պարզաբանեց նա:

Ըստ Արշակյանի, իր ելույթի ընթացքում ԱԺ դահլիճից վիրավորանք է հնչել իր հասցեին ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից, հույս ունի, որ համապատասխան վարքագիծ կդրսեւորի: Նշենք, որ խոսքը Հռիփսիմե Ստամբուլյանի մասին է:

Թե ինչո՞ւ է վիրավորվում Ռուբինյանը, երբ ընդդիմադիրները Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ են կասկածում, չէ՞ որ վարչապետ Փաշինյանն էլ ընդդիմությանը, օրինակ, դեկտեմբերի 8-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասաց, որ Ադրբեջանն եք ներկայացնում՝ Արշակյանը պատասխանեց. «Երբ որ վարչապետը նման պնդում է անում, նա հիմնվում է նույն խմբակցության պատգամավորների հայտարարությունների վրա ու փաստարկում է: Ոչ թե ասեն՝ այդ ժամանակահատվածում այդ երկրում եք եղել: Դուք օրինակ ո՞ր երկրում եք եղել, կարո՞ղ ենք ասել՝ այդ ազդեցության գործակալ եք»:

Արշակյանն ասաց, որ ընդդիմադիրների նկատմամբ թշնամական մթնոլորտ չկա, բայց կա խնդիր. «ՀՀ-ն ունի արտաքին օրակարգ, այդ օրակարգի շուրջ ընդդիմությունը պե՞տք է նույն ծիրի մեջ լինի, նույն շա՞հն ենք հետապնդում, թե՞ ոչ, եթե այո, ինչի՞ համար են հրաժարվել միջազգային բարեկամական բոլոր խմբերից, բոլոր ֆորմատներից»: Արշակյանը հիշեցրեց, որ տարիներով միշտ ընդդիմությունը ԵԽԽՎ, ՀԱՊԿ, բոլոր մարմիններում միասնական դիրքորոշում են ունեցել իշխանության հետ:

Ինչ վերաբերում է բանակցություններին ու մեր սահմաններում լարվածությանը՝ Արշակյանն ասաց, որ անկախությունից ի վեր ՀՀ սահմաններում լարվածություն կա ու խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել. «Մենք այն խաղաղության օրակարգը, որը հիմա առաջ ենք տանում ու ժողովրդից դրա համար քվե ենք ստացել, հենց միտված է նրան, որ այլեւս խաղաղ պայմաններում զոհեր չլինեն ու այլեւս պատերազմ չլինի: Ինչ վերաբերվում է բանակցություններին, դա ընդամենը առաջին հանդիպումն է բանախոսների, նորմալ է, որ շատ ինֆորմացիա չկա: Օրակարգն է, որ առանց նախապայմանների սահմանները պետք է բացվեն ու դիվանագիտական հարաբերություններ սահմանվեն Թուրքիայի հետ»:

Հարցին՝ ցեղասպանության ճանաչման գործընթացը չի՞ դադարեցվելու՝ Արշակյանն ասաց, որ խոսքը առանց նախապայմանների բանակցությունների մասին է. «Հայաստանը կարմիր գծեր ունի եւ դա ամրագրված է մեր սահմանադրությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31