«Ակնհայտ է, որ Ալիևն էլ հասկանում է` ժամանակը միգուցե ի վնաս իրեն կարող է աշխատել, քանի որ նրանք երբեք չեն ունենա նման նվեր, ինչպես այսօրվա իշխանություններն են»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Ալիևը շտապում է ստանալ այն, ինչ խոստացել է Նիկոլ Փաշինյանը:
Ալիևի նման պահվածքի պատճառն՝ ըստ Էդուարդ Շարմազանովի ՀՀ ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակն է: Նա մանրամասնեց. «Այսօր ՀՀ-ն ի վիճակի չէ պաշտպանել իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և որևէ կոնտր քայլ կատարել ադրբեջանաթուրքական տանդեմի նկատմամբ: Ալիևը, սա տեսնելով, փորձում է ստանալ առավելագույնը: Արևմուտք-ՌԴ հակամարտությունն իր ամենաբարձր պիկին է հասել, թեև սկսել են բանակցությունները, բայց ակնհայտ է, որ երկու կողմն էլ պատրաստ չէ գնալ փոխզիջումների և խնդրի լուծման: Իլհամ Ալիևը փորձում է օգտվել նրանից, որ մեր դաշնակցի կամ Հարավային Կովկասի առանցքային դերակատար ՌԴ-ի գլուխը խառն է՝ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ, ղազախական խնդիրներ: Ուստի Ալիևը փորձում է սրել իրավիճակը և հնարավորություն ստանալ իրականացնել սահմանազատում և սահմանագծում, որն այս իշխանություն է նրան խոստացել է»:
Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակի և ֆուտբոլային դիվանագիտության մասին Թուրքիայի հետ՝ նախորդ իշխանությունների առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին հնչած հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այո, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին կողմ ենք եղել: Բայց նախորդ իշխանությունների օրոք ՀՀ բանակցային դիրքերը պինդ են եղել. Շուշի, Հադրութ կորցրած չենք եղել, հինգ հազար զոհ չի եղել, ՀՀ տարածքում 41 կմ տարածք Ադրբեջանի կողմից զավթված չի եղել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը Ադրբեջանի վերահսկողության տակ չի եղել, ադրբեջանական մաքսակետեր չեն դրել: Այսօրվա իշխանությունը ոչ թե առանց նախապայմանի է գնում, այլ իր երեքուկես տարվա ազգակործան քաղաքականության արդյունքում բավարարել է Թուրքիայի բոլոր պայմանները: Կանգնել 2005-ի՝ Ռոբերտ Քոչարյանի նամակը հանել, խոսել ֆուտբոլային դիվանագիտության մասին: Խոսենք, այդ ժամանակ ես էլ վերջին պաշտոնյան չեմ եղել: ՀՀ-ի ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիային ղարաբաղյան գործընթացից հեռացնելու մասին էր, իսկ այսօրվա հայ-թուրքական գործընթացները Թուրքիային հայ-թուրքական գործընթացին մոտեցնելու մասին են»:
Խոսելով Ռուբեն Ռուբինյանի թեկնածության մասին՝ նա ասաց. «Այս իշխանության օրոք ով էլ գնար, կատարելու էր սրանց հրահանգները: Էդ ո՞վ պիտի գնար այս իշխանության օրոք, որ սպասարկեր ազգային շահը: Այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գնալը նման է ինքնասպանության»:
Կարդացեք նաև
Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Տարիուկես է պատերազմից անցել. այս իշխանության ղեկավար կոչվածը Արցախ չի գնացել: Բա հայտարարում էիր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, բա ինչո՞ւ չես գնում Արցախ, թե՞ արդեն Արցախը Ադրբեջան է, ինչպես իրենք են մտածում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ