Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան 12-րդ հուշամրցաշարը:
Միջազգային վարպետի՝ 7,0 միավոր, նորմայով խմբում հաղթեց Նորայր Թորոսյանը, որը նաեւ հավաքելով պահանջվող միավորների պաշարը, միեւնույն ժամանակ կատարեց այդ առաջադրանքը: Նրան կարող էր միանալ Հայաստանի երկրորդ մասնակիցը՝ Արսեն Դավթյանը, եթե եզրափակիչ տուրում հաղթեր ռուսաստանցի Դամիր Իսմագիլովին: Սակայն Արսենը բավարարվեց ոչ-ոքիով:
Երեւանյան մրցաշարից միանգամայն բավարարված կհեռանա Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը: Նա ոչ միայն 7,0 միավորով հաղթող դարձավ գրոսմայստերական նորմայով խմբում, այլեւ արդեն նախավերջին տուրում հաղթահարել էր 6,5 միավորանոց գրոսմայստերական սահմանագիծը, իսկ իններորդ տուրում ամրապնդեց հաջողությունը եւս կես միավոր վաստակելով:
Կարդացեք նաև
Հուշամրցաշարի գլխավոր մրցավար, կանանց գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի մրցավար Նաիրա Մովսիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ «ՉեսսՄուդը» երկու խմբերի համար էլ սահմանել է «Լավագույն պարտիա» հատուկ մրցանակ: Բոլոր շախմատիստները ներկայացրել են իրենց ընտրած պարտիաները եւ սպասում են այսօր երեկոյան պարգեւատրման եւ հուշամրցաշարի փակման արարողության ժամանակ ժյուրիի կատարած ընտրության հրապարակմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ