«Ես անկեղծ ասած չէի ուզի այդ հարցին անդրադառնալ, բայց քանի որ տվեցիք այդ հարցը, ես իմ հաշվին եմ փորձել կազմակերպել իմ ծախսերը»,- այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ պատվիրակությամբ ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցին, թե ճանապարհածախսը, կեցության գումարը բյուջեի հաշվի՞ն է եղել՝ այսպիսի պատասխան տվեց:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու է Վանեցյանը վերջին օրով որոշել հրաժարվել մեկնել ԱՄՆ. «Կարծում եմ, որ սա նրա որոշումը չէր, որովհետեւ ի սկզբանե պարոն Վանեցյանը պետք է մեկներ ԱՄՆ: Ասեմ ավելին, որ ձեւաչափի վերաբերյալ որեւէ հարց նա չի բարձրացրել»:
Հիշեցնենք, որ Վանեցյանի այցի չեղարկումը «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատճառաբանել էր նրանով, որ գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի եւ որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:
Ինչ վերաբերում է ծախսերին, ինչպես տեղեկացանք ԱԺ աշխատակազմից, Վանեցյանի տոմսն ու կեցության ծախսը, ինչպես մյուս պատվիրակների դեպքում, պետական միջոցների հաշվին էր: Թե ծախսերի փոխհատուցումը ինչպես կլինի, աշխատակազմից նշեցին, որ հատուկ ընթացակարգով որոշ մասը կվերադարձվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ