Հունվարի 17-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի եւ Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Լենա Նազարյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է գործընկեր Տաթեւիկ Գասպարյանի հետ հարյուրից ավելի զոհված զինծառայողների ընտանիքներ այցելությունների ժամանակ: Հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ժառանգության ընդունման հետ կապված խնդիրներ կան: Գործող օրենսդրությամբ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: Սակայն, ըստ Լենա Նազարյանի, այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում եւ վեց ամսվա ընթացքում մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելը դառնում է շատ դժվար, քանի որ ժառանգություն ստացողը բաց է թողնում վեց ամսում ժառանգություն ստանալու համար նոտարին դիմելու հնարավորությունը: Այս խնդրին բախվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմում զոհված եւ տեւական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները: Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը եւ կոչ արել կողմ քվեարկել: Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունն ու ընդունման հրատապությունը:
ԱԺ