«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնելու քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք էր տվել: Հետո չեղարկվեց այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ իշխանությունների կամայականությամբ ուզում են սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:
Այսօր լրագրողները Արթուր Վանեցյանից ճշտեցին՝ այնուամենայնիվ, Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը չներառե՞լն էր հիմնական պատճառը, թե՞ բարձրացված աղմուկը՝ նա պատասխանեց, որ մանրամասն մեկնաբանվել է, թե ինչու չեղարկվեց. «Ինչ վերաբերում է մնացած մեկնաբանություններին, թե իշխանության ներկայացուցիչների հետ ինչու եմ ես համաձայնվել մեկնել ԱՄՆ, մի շատ պարզ պատճառ կա՝ իշխանության ներկայացուցիչները, երբ լինում են միայնակ, նրանք ներկայացնում են իրենց տեսակետը միայն, այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներին չի ներկայացվում, եւ դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս: Հետո մենք զարմանում ենք, թե ինչու մենք միջազգային կառույցներից չունենք որոշակի արձագանքներ ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները: Ես հարգանքով եմ մոտենում այն հայտարարությանը, որը արել են մեր ընդդիմադիր գործընկերները, որ նրանք չեղարկել են միջազգային այլ երկրներ մեկնելը, քանի դեռ սահմանափակումները հանած չեն իրենց վրայից, դա իրականում կարեւոր հարց է, ուղղակի խայտառակություն է, որ ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից: Ընդ որում, բոլորս ականատես ենք եղել, որ բացառապես շինծու քրեական գործերով»:
Հարցին՝ Ալեն Սիմոնյա՞նն էր որոշել, որ նա պետք է իր հետ լինի՝ Վանեցյանը պատասխանեց. «Որոշումը կայացվել է ֆրակցիայի կողմից, որ պետք է մեկնեմ ես»:
Վանեցյանի ճեպազրույցի ժամանակ ԱԺ նիստերի դահլիճից լսվեցին կռվի, վիճաբանության ձայներ, ու Վանեցյանը վազեց ներս:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ