Ձեր հիմնադրած ավիաընկերություններից մեկը Երեւան-Ստամբուլ չվերթներից մեկը չեղարկել է, առաջիկայում չվերթ նախատեսվո՞ւմ է. այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Նա նախ վստահեցրեց, որ այդ ընկերությունում ինքը բաժնետեր չէ, իր ընտանիքն է բաժնետեր. «Այսօր Թուրքիայի տարածքում մոտ 100 հազար բնիկ հայեր ունենք, ասում են՝ 100 հազար էլ ՀՀ-ից գնացած ու աշխատանքով զբաղվող հայեր կան: Գիտեք, որ երբ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստան, այլ երկրների միջոցով էր բերվում, հավելյալ ծախսեր էին արվում: Այդ ինքնաթիռները աշխատելու են թուրքական կողմից եւ հայկական, ինչպես նախկինում»: Նա նաեւ ասաց, որ այդ ավիաընկերությունը ցածր գներով թռիչքներ է իրականացում:
Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը ժամանակին գնել «Սիլ պլազայի» սեւ շենքը, որը պատմամշակութային արժեք ունի՝ Սուքիասյանը ներկայացրեց շենքի գնման պատմությունը. «Ուրեմն 90-ականներին սով, մի շատ վատ վիճակ էր, մեզ խնդրել են, որովհետեւ այնտեղ աղբանոց էր դառել, մենք էլ հաշվում էինք, որ շատ գումար են ուզում, որովհետեւ 5 բնակարան պետք է առնեինք, որովհետեւ 5 ընտանիքներ կային բակում: Փաստաթղթի մեջ այդ 5 բնակարանը կա, հայրիկս է զբաղվել այդ հարցով: Բայց մի հատ ավելի ծանր խնդիր է դրվել: Ասել են՝ քանի որ պատմամշակութային է, այդ կառնիզները պետք է այս ձեւով կառուցվի: Այդ ձեւով 5-6 անգամ թանկացել էր ինքնարժեքը, ասել ենք՝ լավ, որովհետեւ քաղաքի այդ հատվածը շատ տհաճ էր, որովհետեւ սվաղած մենակ պատն էր: Ուրեմն պատը վաճառել են, 5 բնակարան է ձեռք բերվել: Այդ գնումը չի եղել կոմերցիոն այդ ժամանակ: Հաջող գնում էր, երբ Հայաստանը սկսեց հաջողել, մեկը մյուսի հետ փոխկապակցված էր: Ուղղակի պատ ենք ձեռք բերել, գումարած 5 բնակարան է տրվել: Դրա վրա մի քար կա՝ վերեւի մի կտորը, դա մենակ 5000 դոլար էր, իսկ այդ ժամանակ 100 հա հողը 1000 դոլար խնդրում էին, որ վաճառեին»:
Դիտարկմանը՝ բայց դա պատմամշակութային շենք էր՝ քաղաքի կենտրոնում՝ Սուքիասյանն արձագանքեց. «Կներեք, իսկ ինչքա՞ն պատմամշակութային շենք քանդվեց ու ոչ մի բան չկառուցվեց: Դա պատմամշակութային էր, ուղղակի սվաղած պատ էր՝ մի հարկանի»:
Կարդացեք նաև
Շենքը նախատեսվում էր, որ պետք է լիներ պատկերասրահ, թե ինչու հետո դարձավ «Սիլ»-ի գրասենյակը՝ Խաչատուր Սուքիասյանն այսպես բացատրեց. «Սկզբնական շրջանում նկարները կախվել են, մի մարդ չի մոտեցել: Հետո որոշեցին՝ առեւտրի կենտրոն, հետո՝ գրասենյակ: Չի կարող կոմերցիոն առումով մարդը ձեռք բերի, միլիոններ ծախսի, հետո ասվի՝ գիտեք ինչ, պատկերասրահ…Պատկերասրահ է՝ մարդ չի գալիս, չես կարող աշխատավարձ տաս»: Հարցին՝ այդտեղ որեւէ կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Դե լավ, էլի, կգաս, 36 հազար հատ կոռուպցիոն ռիսկ ու կոռուպցիա արված գործիքներ կտամ: Դուք երիտասարդ եք, օրինակ ի՞նչ եք ուզում այս երկրից: Ես ձեզ ասում եմ՝ այս երկիրը կեղեքել, թալանել, ինչ ասես չեն արել՝ կոռուպցիան ռի՞սկ եք ման գալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ