Երեխաների հիվանդությունների մոտ 80 տոկոսը հնարավոր է բուժել տնային պայմաններում, այսինքն՝ ամբուլատոր օղակի մակարդակում, եւ միայն ծանր հիվանդները պետք է գնան ստացիոնար բուժվելու, որպեսզի հիվանդանոցները լրացուցիչ չծանրաբեռնվեն: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: Նրա խոսքով, հատկապես սեզոնային գրիպների, սուր շնչառական վարակների պարագայում մանկական բուժծառայություն իրականացնող հաստատությունները գերծանրաբեռնված են աշխատում: Եղել է օր, որ հիվանդանոցներից մեկը սպասարկել է 150 բուժառուի, որից 15-20 տոկոսն է հոսպիտալացման կարիք ունեցել:
Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով, ըստ տիկին Փաշայանի, Հայաստանում սկսվում է մանկական բուժծառայությունների բարեփոխումների գործընթաց: Ասաց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են ոլորտի մասնագետներ, պատասխանատուներ, շահագրգիռ կողմեր: Փոփոխությունների առաջին ուղղությունն առնչվում է ամբուլատոր ծառայություններին:
«Խնդիր է դրված վերազինել ամբուլատոր օղակները: Մասնավորապես, վերազինումը վերաբերում է ինչպես սարք-սարքավորումներով հագեցվածությանը, այնպես էլ մասնագետների վերապատրաստմանը: Սա մի կողմից կնպաստի բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից կօգնի թեթեւացնել ստացիոնար ծառայություն իրականացնող բուժհաստատությունների գերծանրաբեռնվածությունը»,- ասաց Նունե Փաշայանը: Նրա խոսքով, քաղաքացիները ցանկացած դեպքով «վազում են» հիվանդանոցներ, այնինչ, առաջնային օղակները, ամբուլատորիաները պետք է սպասարկեն այն դեպքերը, որոնց համար կարիք չկա դիմելու հիվանդանոց:
ԱՆ մասնագետը նաեւ ասաց, որ խնդիր է դրված ուժեղացնել պոլիկլինիկաները, որպեսզի աստիճանաբար ձեւավորվի առաջին օղակին դիմելու մշակույթը, մարդիկ ավելի շատ վստահեն պոլիկլինիկայի բժիշկներին: Ըստ նրա, կլինեն հստակ ցուցումներ՝ որ դեպքում առաջնային օղակը կուղեգրի հիվանդանոց:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, վերանայվելու են նաեւ հոսպիտալացման ցուցումները, որպեսզի առաջնային օղակը իրականացնի կանխարգելիչ միջոցառումներ, հիվանդությունների թեթեւ ընթացքի դեպքում բուժումը կազմակերպի տան պայմաններում եւ այլն: Աշխատանքներ են նախատեսվում նաեւ վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Ինչպես նշեց Նունե Փաշայանը, խնդիրներ կան հատկապես մարզային հիվանդանոցներում՝ ինչով էլ պայմանավորված է հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք. «Եթե Երեւանում ունենք ե՛ւ կադրերով, ե՛ւ սարքավորումներով հագեցած խոշոր վերակենդանացման բաժանմունքներ, ապա մարզերից նման բաժանմունք ունենք միայն Գյումրիում: Ծրագրում ենք նախ՝ քարտեզագրել խնդիրները, հասկանալ հագեցվածությունը, անհրաժեշտության դեպքում հագեցնել սարքավորումներով, մշակել ալգորիթմներ հաճախ հանդիպող դեպքերի համար»:
Նախարարության պաշտոնյան հավելեց, որ փոփոխություններ են նախատեսվում նաեւ ֆինանսավորման գործընթացում: Ասաց, որ ստացիոնար օղակում ֆինանսավորման վերաբաշխում կկատարեն, սակայն մանկական բուժծառայություններին ուղղված ընդհանուր ֆինանսավորումից չի նվազեցվելու, սակայն ներքին վերաբաշխումներ են կատարելու: Ըստ նրա, կպակասեցվի այն դեպքերի ֆինանսավորումը, որոնք պահանջում են նվազ մահճակալային օրեր, այսինքն՝ բուժումը կարճատեւ կլինի: Դրա փոխարեն գումարը կուղղվի այն ծառայություններին, որոնք առավել ծախսատար են՝ վիրաբուժական ծառայություններին, վերակենդանացման բաժանմունքներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ