Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ հնարավոր է ունենանք հարեւանական հարաբերություններ… Մենք այդ թշնամությունը չենք տեղափոխելու մեր զավակներին». Խաչատուր Սուքիասյան

Հունվար 17,2022 14:49

«Մենք պետք է իրողությունից բխող մտածենք, ինչ ունենք: Ունենք տարածաշրջան, երկրներ, որոնք մեր հետ հարեւան են ու այդ երկրների ՀՆԱ-ի, նրանց ուժի, տարբեր միջազգային կազմակերպության անդամ լինելուց պետք է ամեն ինչը նայենք: Եթե նայենք սոցցանցերում անձնական գրառումների մակարդակով, չենք կարող ՀՀ-ն սահուն կերպով այլ հարթակ տեղափոխենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսպես ներկայացրեց հայ-թուրքական երկխոսության մասին իր տեսակետը:

Հարցին՝ ռիսկեր չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Այստեղից Սեւան գնաք, էլի ռիսկ կա, որովհետեւ կարող է հանդիպակաց ճանապարհից մեկ այլ մեքենա ձեզ դիպչի»:

Լրագրողները ներկայացրեցին երկրի համար ռիսկերը՝ ցեղասպանությունը միայն յաթաղանով չի լինում, 21-րդ դարում սպիտակ ցեղասպանության տեսակներ կան՝ տնտեսությունը գրավել, սեփականություններ ձեռք բերել եւ այլն, այս ռիսկերի մասով ի՞նչ կասեք՝ Սուքիասյանը պատասխանեց. «Հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ Թուրքիայի պետությունն է, տասնյակ հարյուրավոր սերունդներով նրանք այնտեղ են ապրել, ես ինչքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ասել են, որ հայերը տնտեսապես իրենց այստեղ շատ լավ են զգում: Ծպտյալների մասին չեմ կարող ասել, ասում եմ այն հայերի մասին, ովքեր Ստամբուլում են բնակվում, տարբեր գործունեության մեջ են: Իմ կարծիքով, որպես Խաչատուր Սուքիասյան, ինչքան ուսումնասիրում եմ, հետեւողական եմ իրենց ազգային արժույթի անկման հարցում, մեր սահմանից այն կողմ՝ Ղարս եւ մնացած տարածքները, մինչեւ 200 կմ, իմ գիտակցությամբ, այդտեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ից: Դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական սարքավորումներ ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն ու հնարավոր է այդտեղի բնակչությունը, կապ չունի՝ թուրք են, Գյումրիից օգտվեն: Մենք կօգտվենք այն ծառայություններից, որոնք Թուրքիայում են զարգացած»:

Հարցին՝ ձեր նախնիների մեջ կա՞ն ցեղասպանության զոհեր՝ Սուքիասյանը պատասխանեց. «Մերոնք եկել են 1880-ականներին, այդ բախումներից հետո են եկել»: Ճշտեցին՝ համիդյան ջարդե՞րը նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Չգիտեմ որ ջարդերն են, հիմա պապս պատմում էր: Դուք համիդյան եք ասում, պապս էլ ասում էր՝ եսիմ որտեղից»:

Լրագրողների հարցին՝ դուք հա՞շտ կապրեք այն մարդու հետ, ով սպանել է հայ երեխայի, ձեր պապերին՝ Սուքիասյանը հորդորեց վերջ տալ. «Վերջ տվեք, այս ձեւով մենք իրար հետ չենք շփվելու…Ձեզ սպանել են…Ձեզ էլ են սպանել, անգլիացիներին էլ են սպանել, մնացածին էլ՝ գերմանացիներին, ֆրանսիացիներին: Ցեղասպանություն եղել է հրեաների, այսօր գերմանացիների հետ հաշտ ապրում են»: Լրագրողները ճշտում մտցրեցին՝ Գերմանիան ճանաչել է այդ ցեղասպանությունը՝ Սուքիասյանն էլ արձագանքեց. «Հա, ճանաչել են, հիմա մենք էլ այդ ուղղությամբ ենք: Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդները ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք: Դրա համար ֆորմուլաներ կան, իրողության մեջի ֆորմուլաները: Մենք պետք է նայենք տարածաշրջանում, գիտակից լինենք, մենք նույնպես օգտվենք, մեր հարեւանները՝ նույնպես: Մենք պետք է մեր հարեւաններին հարգենք, իրենք՝ մեզ»:

Սուքիասյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ հարեւան Ադրբեջանի հետ հնարավոր է ունենանք հարեւանական հարաբերություններ: Աշխարհի շատ երկրներ, որոնք հարեւաններ են, նրանք մեկը մյուսի ՀՆԱ-ի մեջ մեծ ծավալ են ունենում, օրինակ՝ Ֆրանսիա-Գերմանիա, Ֆրանսիա-Անգլիա, Գերմանիա-Հոլանդիա: Եթե մենք ստացվի այնպես, որ մեր հարեւանների հետ ունենանք ՀՆԱ-ի բարձր տոկոս՝ 5-ից բարձր թեկուզ, դրանք շատ լավ զսպող գործիքներ են՝ հարաբերությունները լավացնելու, որովհետեւ վատացնելու դեպքում իրենց պետությունն էլ է տուժում, իրենց քաղաքացիները՝ նույնպես»:

Հարցին՝ հարեւան Ադրբեջանի հետ ուզում եք լավ հարաբերություն ունենաք, խոսքը նույն Ադրբեջանի մասի՞ն է, որ մի քանի օր առաջ մեր 3 18-ամյա տղաներին սպանեց՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես խոնարհվում եմ մեր երեք 18-ամյա զինվորների շիրիմի առջեւ: Ես այդ Ադրբեջանի հետ, այո՛, ում հետ թշնամի ենք, մենք այդ թշնամությունը չենք տեղափոխելու մեր զավակներին ու սերունդներին: Մենք պետք է կարգավորենք»:

Նա հորդորեց քաղաքակիրթ լինել՝ ասելով, որ նույն հարցադրումները Ադրբեջանում կան. «Մենք պետք է զսպված այդ ամեն ինչը կառավարենք: Լինելու են դեպքեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Քարտեզով գիտեք որտեղ ենք գտնվում, ինչ հարեւաններ ունենք ու մենք մեր հարեւանների հետ պետք է կարգավորենք հարաբերությունները, որ մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»:

Հարցին՝ Ադրբեջանի հետ հարեւանություն ինչպե՞ս եք պատկերացնում, բա Արցախի հարցը ինչպե՞ս պետք է լուծեք՝ նա պատասխանեց՝ «Ինքնորոշման իրավունքի շրջանակներում եմ պատկերացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31