«Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո մեր զորքերը առանց կրակոցի դուրս են բերվել ռազմավարական կարեւոր նշանակության տարածքներից՝ ուղղակի ստորագրության հիման վրա: Եվ օրեր առաջ էլ, որ ունեցանք զոհեր եւ վիրավորներ, հենց այդ ռազմավարական նշանակության դիքերը թողնելու հետեւանքով էր»,- «Հայելի» ակումբում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Եթե Մռավի լեռները դու թողնում ես, ապա Գեղարքունիքի մարզը ամբողջությամբ դնում ես վտանգի տակ: Մռավի լեռները ո՞նց կարելի էր թողնել: Մենք այնտեղ գիտե՞ք ինչքան զոհեր ենք տվել: Այդ բարձունքները մեզ համար շատ կարեւոր էին մեր մնացած հայրենիքը պաշտպանելու համար: Եվ դա մենք տեսնում ենք իրական կյանքում: Մենք արդեն երկրորդ տարին մեր մտահոգությունները հայտնում, այս ամենի մասին խոսում ենք: Բայց այն թեւը, որը պետք է այս ամենի դեմն առներ եւ քաղաքական օրակարգ թելադրեր, չի ձեւավորվում: Դա է առաջնային խնդիրը:
Բանակցությունները ծխածածկույթն են: Բանակցություն չկա: Կան հստակ պայմանավորվածություններ եւ դրանց ներքո փորձում են մեզ խաբել: Ի՞նչ բանակցությունների մասին կարող է լինել խոսքը, երբ Էրդողանը ամեն անգամ այնպիսի հայտարարություններ է անում, ինչը խոսում է այն մասին, որ դու որպես պետություն չկաս»,-շարունակեց Զարուհի Փոստանջյանը:
Բանախոսի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը չի հաղթել: «Դա հաղթանակ չէր: 44 օրվա ընթացքում նրանք նվաճել են ընդամենը երեք շրջան: Հիմա Ալիեւի նկատմամբ Ադրբեջանում կա մեծ դժգոհություն., որ եթե հաղթել են, այդքան զոհեր են տվել, բա ո՞ւր է Արցախը: Այսինքն, իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ նրանց մուտքն ու ելքը այնպես չէ, որ ապահով է, որ այդ տարածքները նրանք արդեն յուրացրել են: Այլ բան է, որ այսպես շարունակվելու դեպքում դա ժամանակի հարց կարող է լինել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ