Օրերս ինքնասպանության փորձ էր կանխվել, երիտասարդը ոստիկաններին ասել էր, որ ցանկանում է վերջ տալ իր կյանքին՝ իր զոհված ընկերներին միանալու համար: Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երիտասարդներից ոմանց՝ ինքնասպանության հակվածության մասին, հոգեբան Եվա Օհանյանը նշեց, որ տղաները շատ ուժեղ հետտրավմաթիկ սթրես են տանում: «Այդ հետտրավմատիկ սթրեսը վերապրած չէ, այսինքն` բավարար բուժված չէ, եւ դա կարող է հետեւանքներ թողնել ընդհուպ 5-6 տարի: Իրենց մոտ, ցավոք, կարող է «միանալ» ինքնաոչնչացումը՝ վախեր, ամոթ, որ պարտվել ենք… Այս ամենը հաճախ նրանք ի վիճակի չի լինում մարսել: Ու քանի որ դա մարսված չէ, եւ հոգուց «հանված» չէ, ունենում ենք ինքնասպանության դեպքեր»,-ասաց հոգեբանը:
Նա հավելեց, որ ցանկացած մասնագիտական գրականության մեջ անդրադարձ կա ամենավատ տրավմատիկ ելքին՝ ինքնակործանմանը: «Ամեն ինչ կարող է հանգեցնել նրան, որ երեխաները դառնան ալկոհոլիկ կամ մարդասպան: Կա չէ՞ «Վիետնամական սինդրոմը»: Դրա համար այդ երեխաների՝ հատկապես 18 տարեկանների, հետ աշխատանքը շատ կարեւոր է: Ընդ որում, 18-ի եւ 21 տարեկանի միջեւ մեծ տարբերություն կա, 21-ն ավելի պինդ է, իսկ 18 տարեկանների համար բարդ է, ամբողջ կյանքը եւ ներաշխարհը խաթարված է, եթե բուժված չի թե դեղորայքով (ինչն այդքան էլ չեմ ընդունում), թե թերապեւտիկ հատուկ ինտերվենցիաներով:
Ցավոք սրտի, մենք նման դեպքեր ունենալու ենք, եթե պատշաճ չկազմակերպենք նման երեխաների համապատասխան բուժումը: Մի փոքր անհանգստությունը սահմանին, արդեն իրենց պրովոկացիայի է ենթարկում»,-ասաց Եվա Օհանյանը:
Հոգեբանի համոզմամբ, ոչ միայն պատերազմ տեսած տղաների, այլ նրանց հարազատների հետ պետք է համապատասխան աշխատանք տանել: «Շատ դեպքերում հարազատը եւս կարող է վնասել, պրովոկացիայի ենթարկել երեխային՝ իր գերխնամքով կամ ոչ պրոֆեսիոնալ, ավելորդ հարցերով, կոպիտ խոսքով…Հարազատին էլ պետք է ասել՝ ինչպես խոսի, ինչ չասի, որովհետեւ դեպքեր են եղել, երբ ասել են մի լացիր, դու հերոս ես, մինչդեռ ինքը պետք է լացի, պետք է գոռա, մենք բոլորս պետք է լացենք, որ մեր ներսից դուրս գա այդ ամենը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ