Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ստացել է Վեդի քաղաքի խոշորացված համայնքի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի գրությունն այն մասին, որ ընդունման հանձնման աշխատանքների նպատակով ստեղծված հանձնաժողովն աշխատանքային այց է կատարել Ուրցաձորի համայնքապետարան, սակայն Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չի հանձնել կնիքը, տրանսպորտային միջոցը և աշխատասենյակների բանալիները:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը համայնքի կազմում ընդգրկված 16 բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել, այդ թվում՝ Ուրցաձորում։ Ուրցաձորի արդեն նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը լրատվամիջոցներին ասել է, որ այդ որոշումն անօրինական է․ «Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ուզում է ազատել ինձ։ Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ եւ նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»։