ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ընթերցեց 2005թ․ ապրիլին Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված Ռոբերտ Քոչարյանի նամակից մի հատված։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հարցադրում արեց, թե Ռոբերտ Քոչարյանի օրո՞ք էր սկիզբ դրվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղտնի փուլին, իսկ «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը դա բացահայտում որակեց։
«Անցեք արխիվներով եւ գտեք գոնե մի հոդված այդ մասին մինչեւ 2011թ․ օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Վիքիլիքսը» հրապարակեց այն։ Մինչեւ այդ հայ հասարակությունը որեւէ բան գիտե՞ր դրա մասին։ Այդ ժամանակ խորհրդարանական ՀՅԴ-ն ի՞նչ էր անում։ Թուրքիայի դրոշ հաստատ վառել են, իսկ նամակից տեղեկություն ունեցե՞լ են, դե՞մ են եղել, թե ոչ»,-հարցադրումներ արեց Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի մարդիկ գաղտնիության մեջ են մեղադրում հայ-թուրքական երկխոսության այսօրվա պարզ գործընթացը․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե մեր իշխանությունից մեկն ասեր Էրդողանին, որ ձեռք է մեկնում։ Ի՞նչ կանեիք, պարոն Արծվիկ Մինասյան․․․Գեղամ Մանուկյանը գիտեմ ինչ կաներ, բայց չգիտեմ, թե դուք ինչ կանեիք։ Այնպես որ, երեսպաշտություն է, վերջ տվեք սրան»։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Պարտավոր էիք նաեւ ասել, որ դա 2005թ․-նն էր, երբ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում էր իրեն ուղղված նամակին, եւ, ամենակարեւորը՝ 2004թ․-ին մենք չորս հազարից ավելի տղաներ չէիք կորցրել, Շուշի ու Հադրութ չէինք նվիրել, տարածքների մեծ մասը եւս։ Սա չմոռանաք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ