«Պարոն Ռուբինյանը, վերջիվերջո, երկիրն է ներկայացում, բոլորիս է ներկայացնում, բարդ գործընթացի մեջ է մտել։ Տիկին Խամոյան, ինչե՞ր եք ասում, ամոթ չի՞, ի՞նչ գործակալ, ինչե՞ր եք խոսում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նկատի ունենալով վերջինիս այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայում սովորելու եւ ազդեցության գործակալ լինելու հարցն այդպես էլ մնաց չպարզաբանված։
Վաղարշակ Հակոբյանը դիմեց ընդդիմությանը․ «Եկեք հաշիվ տանք, թե ինչ մտքեր ենք արտահայտում։ Լավ, ի՞նչ եք ուզում մեզանից, ժողովրդից ի՞նչ եք ուզում․․․ինչո՞ւ չեք թողնում աշխատենք, ինչո՞ւ դուք չեք աշխատում։ Չի կարելի, մի քիչ հաշիվ տվեք ձեզ»։
Ի պատասխան Ագնեսա Խամոյանն իր հերթին ամոթանք տվեց Հակոբյանին․ «Ձեր իշխանության քաղաքականությունը, արտագաղթի տվյալները մի համեմատեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ։ Ի տարբերություն ձեզ՝ Քոչարյանին նամակ գրում էին, ի տարբերություն ձեզ, որ Սորոս պապիի կամ Վրաստանի միջոցով ուզում եք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ․․․կամ, Ռուբինյանը Ռոբերտ Քոչարյանին է մեղադրում ֆուտբոլային դիվանագիտություն սկսելու մեջ, բացահայտում էր։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի նրբություններն Ալիեւից չէր ճշտում։ Տպավորություն է, որ Ռուբինյանն էլ Սերդար Քըլըչից է ճշտելու»։
Կարդացեք նաև
Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց․ «Գազը, ջուրը, լույսը ծախել եք, եղածը թալանել կամ նվիրել եք, զարմանում եմ ուղղակի․․․դերասանական ունակությունների վրա ամեն անգամ ավելի եմ զարմանում։ Ստին էլ սահման կա, բայց գնահատում եմ ձեր՝ չհանձնվելու տաղանդը։ Մնում է գաք ու Մոնումենտի այգիները կտրելու եւ առանձնատուն կառուցելու մեջ մեղադրեք ինձ, Ռուբինյանին ու Սարգիս Խանդանյանին։ Ամոթ է։ Խնդրում եմ՝ սթափվեք։ Դուք ձեր ելույթներով իսկապես խայտառակվում եք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ