Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն տեղեկությունը, որ ՌԴ նախագահը պարգևատրել է ՀՀ գլխավոր դատախազին, նման բան գոյություն չունի». Էդգար Ղազարյան

Հունվար 17,2022 13:15

«Մեր իրավապահ համակարգի ներկա վիճակը նախանձելի չէ, և ցավալի է, որ իրենք շեղված են իրենց սահմանադրական և օրինական առաքելությունից և խնդիրներից»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ՀՀ գլխավոր Արթուր Դավթյանը պարգևատրվել է Վլադիմիր Պուտինի հրամանով, Էդգար Ղազարյանը պարզաբանեց. «Գտա ՌԴ նախագահի այդ հրամանագիրը, պարզվեց, որ դրանով ոչ թե պարգևատրվել է Արթուր Դավթյանը, այլ այդ հրամանով սահմանվել է ՌԴ դատախազության 300-ամյակի հոբելյանական մեդալ: Այն գերատեսչական հոբելյանական մեդալ է: Արթուր Դավթյանին ՌԴ նախագահի կողմից պարգևատրելու որոշում չի կայացվել: Պարզվում է, որ մեդալի տրամադրման կարգով նախատեսվում է, որ դրանով պարգևատրվում են ՌԴ դատախազության ներկայացուցիչները: Այն, որ այլ երկրների դատախազներ են պարգևատրվում, այդ կարգում չի նախատեսվել: Ուստի, եթե Ադրբեջանի դատախազը չի պարգևատրվել այդ մեդալով, ուրեմն նա չի համաձայնել ստանալ ՌԴ-ի ռեգիոնալ դատախազի կարգավիճակ, իսկ մեր դատախազի համար կարծես դա ընդունելի է եղել»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ հետաքրքրության համար փորձել է պարզել, թե ՀՀ որ դատախազն է ստացել ՌԴ նախագահի մեդալ, պարզվել է, որ Աղվան Հովսեփյանը ՀՀ միակ գլխավոր դատախազն է, որը պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից: Նա այժմ գտնվում է անազատության մեջ: Ուստի Էդգար Ղազարյանը պնդում է. «Այն տեղեկությունը, որ ՌԴ նախագահը պարգևատրել է ՀՀ գլխավոր դատախազին, նման բան գոյություն չունի»:

Էդգար Ղազարյանի համար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ իրեն պետք է գնդակահարեն, ինքը հլու հնազանդ կկանգնի պատի տակ, որոշ ենթադրությունների տեղիք է տվել: Նա մանրամասնեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ թող ինձ ժողովուրդը կանգնեցնի պատի տակ, գնդակահարի: Ինքը վարչապետ է՝ հանրային ծառայող, ես էլ եմ եղել հանրային ծառայող՝ մարզպետ, տարբերությունն այն է, որ վարչապետի լիազորություններն ավելի շատ են: Ես երբեք չեմ մտածել, որ ժողովուրդը ինձ պետք է կանգնեցնի պատի տակ, գնդակահարի, իմ աշխատանքի ամփոփումը որ անում եմ, գիտեմ՝ ինչ եմ արել, և ես կարծում եմ՝ արժանի չեմ որևէ տեսակի պատժի՝ առավել ևս գնդակահարության: Եթե Նիկոլ Փաշինյանն ինքը խոսում է դրա մասին, ուրեմն գիտի՝ այնպիսի բաներ է արել, որոնց գնահատականը պատի տակ կանգնեցնել, գնդակահարելը պիտի լինի»:

Խոսելով  հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության դարաշրջան պիտի բացենք, բարեկամություն հաստատենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և որ այդ ճանապարհը ցավոտ է լինելու, պետք է համբերատար լինենք. տարածքներ կորցնենք, զինվորներ զոհվեն, որ խաղաղություն բացվի, իսկ Ալիևն իր 60-ամյակի օրը հայտարարեց, որ հայն իր նենգ թշնամին է: Եթե մի կողմը քեզ համարում է նենգ թշնամի, ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել: Մի քանի օր առաջ էլ Ալիևն իր ասուլիսում հայտարարություններ արեց, որոնք նոր պատերազմի իրական վտանգ են պարունակում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31