«Ցածրորակ հաղորդումներ կան՝ скандалы, интриги, расследования․․․դա է ինձ հիշեցնում այս ամենը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդմանը, թե իր նշանակման մասին չկա փաստաթուղթ, թե թուրքական կողմի հետ ներկայացուցիչ նշանակելը կատարվել է ժողովրդի թիկունքում։
«Դա պաշտոն չի, այլ գործառույթ։ Ես հանդիսանում եմ ԱԺ փոխնախագահ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթ, որն ինձ տրվել է հրապարակային եւ փաստվել ԱԳՆ-ի կողմից։ Ի՞նչն է այստեղ անհասկանալի»,-հարցադրում արեց Ռուբինյանը։
«Ասում եք, որ բյուջեի հաշվին եմ մեկնել Մոսկվա։ Բա ինչո՞վ մեկնեի։ Ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի՞․․․ինչի ԱԺ-ն պետության հետ կապ չունի՞։ ԱԺ նախագահը լիազորություն ունի ցանկացած պատգամավորի գործուղել որեւէ վայր։ Ասում եք, թե ինչպես են պայմանավորվել հատուկ ներկայացուցիչներ նշանակել։ Ձեր խմբակցության մեծ մասը փորձառու մարդիկ են։ Պարզ չէ՞ գործընթացը։ Ամեն ինչ եղել է հրապարակային»,-պնդեց Ռուբեն Ռուբինյանը։
Կարդացեք նաև
«Ասում եք, թե ամեն ինչ իմանում եք Թուրքիայից․․․մինչեւ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր գերատեսչությունները չեն տեղեկացրել։ Տվյալ դեպքում՝ ԱԳՆ-ն։ Կամ, որ ասում եք, գաղտնի գործընթացներ կան, ինձ ավելի շատ դա է նյարդայնացնում։ ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան․․․ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի՞ տոկոսն է եղել բաց, քանի՞սը՝ փակ։ Ֆուտբոլային դիվանագիտության ոչ հրապարակային մասը Սերժ Սարգսյանի՞ օրոք է եղել․ ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ գաղտագողի գործընթացներ կայի՞ն, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին»,-ընդդիմությանը հարցեր հղեց Ռուբինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմության գործելաոճը երեսպաշտության տպավորություն է թողնում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ