«Չավուշօղլուն ասել էր, որ շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք՝ փոխադարձության սկզբունքով։ Այսինքն, իրար հետ համաձայնեցված է եղել։ Եթե մերոնք Թուրքիայի հայտարարությունից հետո են որոշել բանագնաց նշանակել, բա ո՞նց եղավ, որ նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուբեն Ռուբինյանն է բանագնաց նշանակվելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա անդրադարձավ խորհրդարանի փոխնախագահ Ռուբինյանի այսօրվա բացատրությանը, թե թուրքական կողմի հայտարարությունից հետո է հայկական կողմը իրեն որպես բանագնաց նշանակել։ Ըստ Մանուկյանի՝ իրականում այդ քայլը եւս եղել է նախապես պլանավորված եւ ժողովրդի թիկունքում։
Կարդացեք նաև
«Ո՞նց եղավ, որ այս ընթացքում թուրքերն են եղել թելադրողը։ Չավուշօղուն այս կամ այն բանն է ասում, մերոնք՝ արձագանքում։ Մինչեւ հիմա չկա փաստաթուղթ Ռուբեն Ռուբինյանի՝ բանագնաց նշանակվելու մասին։ Նա պետության ներկայացուցիչ չէ։ Գործընթացը մինչեւ վերջ փնթի է արվում։ Մոսկվայում Սերդար Քըլըչ-Ռուբինյան հանդիպմանն առաջինը գալիս է դրոշով ու մեքենայով, մյուսը՝ չէ։ Փնթի է, որովհետեւ մեր ԱԳՆ-ի հաղորդագրության անգլերեն, հայերեն տարբերակները տարբեր են, եւ միայն Արմեն Աշոտյանի գրառումից հետո ԱԳՆ-ն տեքստն ուղղեց»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ համազգային հիմնահարց համարվող ՀՀ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցում նման փնթիություն չպետք է լիներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ