Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի բացատրությունն ընդդիմությանը․ «Մեր շահերից բխում է սահմանազատումը տարանջատել ԼՂ խնդրից»

Հունվար 17,2022 11:42

«Որեւէ մեկը չի ասում, թե մենք չենք ձգտում խաղաղության կամ որ հարեւանների հետ սահմանները չենք ուզում ճշտել։ Հարեւան․․․այսինքն, հակամարտող կողմը պետք է նախ հարեւան դառնա, եւ սա առաջին նախապայմանն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Քննարկվում է խմբակցության հեղինակած՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին ԱԺ հայտարարությունն ընդունելու հարցը լիագումար նիստերի օրակարգ ներառելը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին․ ՔՊ-ն գտնում է, որ դրանում ներքաղաքական ձեւակերպումներ կան։

«Խաղաղության պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի սահմանազատում կամ սահմանագծում լինի։ Գտնում ենք, որ ժամանակավրեպ գործողությունները լուրջ հարված են հասցնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնիշխանությանը, եւ Արցախի ինքնորոշման հեռանկարի վրա մեծ քար կդրվի»,-նշեց Օհանյանը՝ գործընկերներին առաջարկելով կողմ քվեարկել եւ հարցը լիագումար նիստում քննարկել, հանրությանը ներկայացնել սահմաններին առկա իրավիճակը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրեց, որ հայտարարության տեքստի մի մասը ներքաղաքական բառամթերք ունի․ «ՀՀ լեգիտիմ կառավարությանը կոչ է արվում մնալ սահմանադրության սահմաններում։ Բացի այդ, մեր շահերից բխում է սահմանազատումը ոչ թե կապակցել ԼՂ խնդրի հետ, այլ տարանջատել, որովհետեւ սահմանագծումը վերաբերում է ՀՀ-Ադրբեջան սահմաններին, իսկ ԼՂ խնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է։ Մեր համար անընդունելի է, որ սա կապակցում են նշյալ հարցի հետ։ Ինչ վերաբերում է մյուս մասերին, ապա ԱԺ-ն արդեն չորս անգամ դատապարտող հայտարարություններ է արել»։

Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց․ «կողմ» քվեարկեց 33, իսկ «դեմ»՝ 64 պատգամավոր։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ փորձում էին այս կերպ իշխանությանը քննարկման հրավիրել ԱԺ դահլիճում, սակայն մերժում են ստանում․ «Բա խորհրդարանն ինչի՞ համար է, եթե այս դահլիճում չպետք է նման հարցեր քննարկվեն։ Ամպագոռգոռ հայտարարություն անելու փոխարեն առաջարկներ ներկայացրեք, թող հրապարակային, բաց բանավեճ լինի։ Ի՞նչն է խանգարում»։

Հռիփսիմե Գրիգորյանն արձագանքեց, որ տեքստի մի հատվածում չկար նորություն, մյուսում կար ներքաղաքական բառապաշար, իսկ երրորդի հետ կապված իշխանությունն ունի առարկություններ․ «Չի կարելի ասել, որ հանձնաժողովում հինգ ժամից ավելի տեւած քննարկումը չկայացած քննարկում է»։

Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը խորհուրդ տվեց լիագումար նիստի եւ հանձնաժողովի լիազորություններն իրար չխառնել։

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն արտաքին քաղաքական քողի տակ փորձում է ներքաղաքական դիվիդենտներ շահել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31