Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մայր բուհի դասախոսն ու միջազգային կապեր ունեցող փորձագետը՝ մարզպետի խորհրդական

Հունվար 17,2022 11:28

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհրդական է նշանակվել Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար, անկուսակցական Արթուր Նաջարյանը։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի պետական համալսարանի պաշտոնական էջում տեղադրված նրա կենսագրական տվյալներից, չնայած երիտասարդ տարիքին, Արթուր Նաջարյանը 2010 թվականին աշխատել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետարանի երիտասարդության և մշակույթի բաժնում՝ որպես երիտասարդական միջազգային ծրագրերի պատասխանատու։ 2012 թվականին էլ աշխատել է Չեխիայի «Հոդինա Հա» հիմնադրամում՝ որպես սոցիալ-կրթական ծրագրերի կազմակերպիչ։ Հայաստանում ևս աշխատել է տեղական և միջազգային տարբեր կառույցներում։

Արթուր Նաջարյանը նույն բուհի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը գերազանցությամբ ավարտելուց բացի, սովորել և 2019 թվականին ավարտել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարում» մասնագիտացման ծրագիրը՝ ստանալով «Շահույթ չհետապնդող կազմակերպությունների կառավարիչ» մասնագետի հավաստագիր։

Նա 2020 թվականի հունվարից նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ է։

Նրան է վստահվել նաև Եվրոպական միության «Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակի համակարգման պատասխանատվությունը։

2013 թվականից հանդիսանում է «ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս» ռեսուրսային կենտրոնի՝ Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ կրթական, երիտասարդական ծրագրերի և կազմակերպությունների գնահատող-փորձագետ։

Ըստ Շիրակի պետական համալսարանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրական տվյալների՝ Արթուր Նաջարյանը 2009 թվականից իրականացնում է երիտասարդական, կրթական ու սոցիալական փոխանակման տարբեր ծրագրեր, որոնց մասնակցել և մասնակցում են երիտասարդության, կրթության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ և մեծ թվով երիտասարդներ Հայաստանից և արտերկրից։

Նշենք, որ Արթուր Նաջարյանի ղեկավարած կառույցի կողմից 2018 թվականին Հայաստանում հիմնադրվեց առաջին բաց երիտասարդական կենտրոնը, և այսօր «Երիտասարդների տներ» են գործում Գյումրի և Սպիտակ համայնքներում, որտեղ տարեկան 13-18 տարեկան շուրջ 1000 պատանիներ ստանում են ոչֆորմալ կրթություն։ Մեր տեղեկություններով, 2022 թվականին բաց երիտասարդական կենտրոններ կբացվեն նաև Գավառ, Էջմիածին և Արմավիր քաղաքներում ևս։

Մեր տեղեկություններով, Արթուր Նաջարյանը մարզպետարանում կզբաղվի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, ինչպես նաև ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության և սոցիալական հարցերով։ Մեր զրույցում նա հաստատեց իր խորհրդական նշանակվելու մեր տեղեկությունը՝ նշելով, որ այսօրվանից արդեն անցել է աշխատանքային պարտականությունների իրականացմանը։

Ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի Շիրակի մարզպետը պետք է ունենա երկու խորհրդականներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի մարզում օրերս նշանակվեցին նաև երկու փոխմարզպետներ՝ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31