«Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ԱՄՆ գործուղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում ներառել է նաեւ իր կնոջը եւ օգտվել թանկ տոմսից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց․ «Ամերիկյան վոյաժների մասին ոչ պաշտոնական տեղեկությունները որքանո՞վ են իրականությանը համապատասխանում։ ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր Ալեն Սիմոնյանը 120 000 դոլարով արդեն մի քանի երկիր է մեկնել գործուղման»։
Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Զարմանում եմ, որ նման հարցեր եք տալիս։ Բոլոր ծախսերը թափանցիկ են, այդ թվում՝ գործուղումներինը։ Որեւէ գաղտնիք չկա, պատվիրակության կազմը հայտնի է։ Եկեք չապակողմնորոշենք հանրությանը, մանավանդ ԱԺ դահլիճում»։
Արեգնազ Մանուկյանն արձագանքեց․ «Ձեր պատասխանը դեմագոգիա է։ Ես հարցում եմ ուղարկել եւ հետաքրքրվել, թե որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան համար, որը նորոգվում է Ալեն Սիմոնյանի համար, եւ ինձ պատասխանել են, որ ծախսերը գաղտնի են։ Նախագահ Արմեն Սարգսյանի ծախսերը եւս թաքցվել են հանրությունից»։
Մանուկյանը հավելեց, որ ժամանակին իշխանության ներկայացուցիչները երթեւեկում էին մետրոյով կամ էկոնոմ դասի տոմսերով, իսկ հիմա մոռացել են այս մասին։
Կարդացեք նաև
Միջամտեց ԱԺ մյուս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Երկու օր առաջ էկոնոմ դասով եմ եկել Երեւան։ Ձեր ոճը մեղմ ասած լավը չի, բայց լավ եղեք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ