«Հաղորդագրության մեջ ասված է, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում։ Ի վերջո, ի՞նչ գործընթացներ կան։ Ի՞նչ դրական եւ կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Որտե՞ղ է ձեռք բերվել բանագնացներ ունենալու պայմանավորվածությունը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Արշակյանը պատասխանեց․ «Անկախության հաստատումից ի վեր, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել ՀՀ-ի հանդեպ, ՀՀ-ն միշտ կողմ է եղել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։ Այդ տրամաբանությունը չի փոխվել։ ՀՀ կառավարությունը հիմա էլ հանդես է գալիս այդ դիրքերից։ Մենք առանց նախապայմանների կողմ ենք, որ սահմանները բացվեն եւ հարաբերություններն օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է ՀՀ եւ հայ ժողովրդի շահերից»։
Ինչ վերաբերում է թուրքական կողմի նշյալ մամուլի հաղորդագրությանը, ապա Հակոբ Արշակյանի խոսքով, այն բնութագրում է բանակցությունների ընթացքը․ «Եթե բուն ընթացքի մասին տեղեկություն եք ուզում, ապա քննարկման մեխանիզմները կան, որպեսզի հարցեր ուղղեք»։ Ագնեսա Խամոյանն արձագանքեց․ «Ոչ մի հարցի չպատասխանեցիք․ ի՞նչ դրական եւ կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Ե՞րբ եք ձեռք բերել այդ պայմանավորվածությունը։ Մենք թուրքական կողմից ենք իմացել, որ բանագնացներ են նշանակվելու»։
Կարդացեք նաև
Միջամտեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով հայկական կողմի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Տիկին Խամոյան, դուք հարցն ո՞ւմ եք տալիս։ ԱԺ նախագահի տեղակալին եք հարցեր տալիս, որը նիստի օրակարգն էր ներկայացնում։ Ձեր հարցերը լեգիտիմ են, բայց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարող էիք հարցնել։ Կամ ինձ մոտենայիք, նույնիսկ սուրճ կհյուրասիրեի։ Կամ այլ ձեւով առիթ կգտնեի հրապարակային պատասխանելու»։
Հակոբ Արշակյանն, այնուամենայնիվ, պատասխանեց․ «Թուրքական կողմը հայտարարել է, որ բանագնաց է նշանակելու։ Եթե խոսակցություն է սկսվում, ինչ որ մեկը պետք է խոսի, չէ՞։ Տեխնիկական հարցեր են։ Զարմանում եմ ձեր հարցերից։ Մարդ ենք նշանակել, որը պետք է խոսի, եւ դա եղել է բաց, հրապարակային»։
Ապա Ռուբինյանը հայտարարեց, որ կխախտի ընթացակարգը եւ կպատասխանի տեղից։
«Դեռեւս նախորդ տարի նախ ՌԴ ԱԳՆ-ն ասաց, որ կա գործընթաց, եւ հայկական կողմն այդ մասին խոսել է ռուսական կողմից հետ։ Հետո թուրքական կողմն ասաց բանագնացի նշանակման մասին, եւ մեր ԱԳՆ-ն էլ ասաց, որ ինքն էլ հատուկ ներկայացուցչի կնշանակի։ Այդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը։ Պատասխանեցի՞ ձեր հարցին։ Տեղի մասին պայմանավորվածությունը եղել է ռուսական կողմի օգնությամբ նաեւ։ ԱԳՆ ընդունելությունների տանն է եղել հանդիպումը։ Իսկ կառուցողական մթնոլորտ ասելով՝ նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Ուրիշ հարց մնա՞ց․․․այդ ընթացքում, ոչ, կողքով դեղին «ժիգուլի» չի անցել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ