Լրահոս
Օրվա լրահոսը

Ծորակը բացում են՝ ցեխաջուր է հոսում, «Վեոլիա ջրից» ասում են՝ ջրի նմուշառման արդյունքները նորմալ են

Հունվար 17,2022 13:30

Զովունի 38 փողոցի բազմաթիվ տների ջրի ծորակներից ցեխաջուր է հոսում, եւ սա առաջին դեպքը չէ։ Բնակիչներից Նելլի Գուրգենյանն «Առավոտ»-ին պատմում է, որ գարշահոտ ջուր է, ոչ լողանալ է լինում այդ ջրով, ոչ լվացք անել, պարզ է, որ խմել նման ջուրն, անգամ եռացնելուց հետո, անհնար է։

«Մեր թաղամասը վերածվել է հակահիգիենիկ մի վայրի, որտեղ վտանգված է այստեղ ապրող մանուկների եւ մեծահասակների առողջությունը, կյանքը։ Զովունիի խանութներում խմելու ջուր չկա, սպառվել է»,-ասում է տիկին Նելլին։

Նրա ներկայացմամբ՝ ամեն անգամ ահազանգելուց հետո «Վեոլիա ջրից» մասնագետներ են գալիս, ջրի նմուշ վերցնում՝ քիմիական եւ մանրէաբանական հետազոտության համար, սակայն արդյունքների մասին բնակիչներին տեղյակ չեն պահում։

«Ամեն անգամ, երբ դիմում ենք իրենց, պահանջում նմուշառման հետազոտության պատասխանը, ասում են՝ նորմալ է ջուրը։ Նախորդ անգամ պահանջել էինք գրավոր, կնիքով տրամադրել արդյունքները, որպեսզի մեր անկախ լաբորատորիայում արված արդյունքների հետ համեմատենք, սակայն ոչ մի պատասխան չեղավ նրանցից։ Հիմա նորից պահանջել ենք գրավոր պատասխանեն, ստորագրությամբ եւ կնիքով»,-ասում է տիկին Նելլին։

Բանն այն է, որ այս թաղամասը սպասարկող խմելու ջրի խողովակը տասը օրը մեկ պայթում է, «Վեոլիա ջրից», կրկին ահազանգից հետո, գալիս են խողովակն իբրեւ նորոգելու, սակայն ջրի այդ խողովակը փայտով են ամրացնում, զոդելու փոխարեն։

«60-70 տարվա հին խողովակաշար է։ Հաճախ է վթարվում։ Վնասված հատվածն ընկերության աշխատակցիներն ամրացնում են փայտով, այդպես մի կարճ ժամանակ ջուրը մաքուր է լինում։ Բայց մեզ մոտ ջուրը գրաֆիկով է, միացնում են, ջուրը մեծ ճնշումով հոսում է եւ այդ փայտով ամրացրած մասը նորից վնասվում է, բացվում, խողովակը հողի մեջ է, հողը խառնվում է ջրին ու էդպես ցեխաջուրը հոսում է մեր տներ։ Անցյալ տարի կռիվ արեցի, պահանջեցի զոդեն խողովակը, ոչ թե փայտով ամրացնեն, եկան, զոդեցին, ահագին ժամանակ էր, բան չէր լինում։ Մեր տանից մի քիչ այն կողմ նույն ձեւ խողովակը հինգ անգամ փայտով էին ամրացրել։ Փայտը խփում են, հետո փայտը դուրս է գալիս»,-պատմում է տիկին Նելլին։

Թաղամասի բնակիչները ցեխաջրի պատճառով չեն կարողանում տեխնիկա էլ օգտագործել, բացի այս, ինչպես տիկին Նելլին է նշում, երկար ժամանակ տան ծորակները բաց են թողնում, որ ջուրը հոսի, մի քիչ պարզվի, իսկ դա ավելորդ ծախս է բնակիչների համար։

Անցյալ տարվա նոյեմբերին «Վեոլիա ջուրը» Զովունիում սկսել է խողովակների փոխելու աշխատանքները, բնակիչներն ասում են՝ դեռ կես փողոց են փոխել, մինչեւ ամբողջը փոխեն, ահագին ժամանակ կտեւի. «Այս ամբողջ ընթացքում, ի՞նչ է, պետք է ցեխաջուր ունենա՞նք։ Ինչո՞ւ կարգին չեն նորոգում, մինչեւ խնդրի վերջնական լուծումը»։

«Վեոլիա ջրից» երեկ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ, մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ ընկերության՝ խնդրի վերաբերյալ պարզաբանումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31