Լրահոս
Օրվա լրահոսը

2022-ին ինչ ուշագրավ դատական գործերի ականատես կլինենք

Հունվար 17,2022 13:00

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործը հունվարի 7-ին դատարան է ուղարկվել: Ըստ մեղադրանքի Դավիթ Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանի՝ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ԶՈՒ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի՝ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանի՝ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի՝ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել:
Նշենք, որ հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Հեռակա վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով: Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վերը նշված երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք է դրվել:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու եւ փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սեւանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաեւ Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը: Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձեւավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում վերջինս բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել եւ Սուրեն Ավագյանի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Պահանջված կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: Մասնավորապես` Ա. Հարությունյանի առաջարկությամբ եւ գործարար Ս. Համբարձումյանի կազմակերպմամբ ԱՄԷ-ում գրանցված կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո վերջինս, նշված գումարը բաժանելով 3 մասի, դրանք` յուրաքանչյուր անգամ 798 մլն ՀՀ դրամին համարժեք 9.5 մլն ԱՄԷ դիրհամի չափով, փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Հիշեցնենք, որ այս գործից Արաքս Դիլանյանին, Վիկտոր Մարտիրոսյանին եւ Ալեքսան Պետրոսյանին, ապա քրեական գործից նրանց վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռեւս 2019 թվականին, եւ հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վահե Միսակյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Գործը ապացույցների հետազոտման փուլում է: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի 489.160.310 դրամ գումարը: Այս գործով ամբաստանյալներից՝ Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը մահացել են քովիդից:

ՖԲ գրառումների համար քրեական գործով խափանման միջոց է կիրառվել ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ: Կասկածյալի կարգավիճակ ձեռք բերած Արմինե Ադիբեկյանը տվյալ՝ ծանր վիրավորանքի գործով է, մեջբերումներ էր կատարել Նիկոլ Փաշինյանի գրքից:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի նախաքննությունն ավարտվել է: Այն կուղարկվի դատարան: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագով:

Ըստ մեղադրանքի, նա 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով եւ այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:
Դեռ հայտնի չէ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործի ճակատագիրը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանինը, նախկին դեսպանինը:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հ.Գ. Հունվարի տասին Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանի վարչական շենքում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով դատական նիստը։

Ըստ Azeri Daily-ի, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։

Ըստ մեղադրանքի՝ «Հայաստանի ՊՆ հատուկ նշանակության հետախուզական խմբի հրամանատար Ի. Սարգսյանը եւ որպես քաղաքացիական ինժեներ Վ. Ռաֆայելյանը 2021 թվականի մայիսի 7-ին ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը եւ ականապատել են Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման գծերը»:
Ըստ ազերիների, Սարգսյանը ցուցմունք է տվել, թե իբր իրենք հրահանգ են ստացել տարածքի հետախուզություն իրականացնել, ճանապարհներ փակել, ականապատել եւ փշալարեր անցկացնել, ինչպես նաեւ պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 24-ին։

«Առավոտ» օրաթերթ
15.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31