Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկինքը հոգուս». չափածոն՝ ցավի արտահայտչամիջոց

Հունվար 17,2022 12:30

Վերջերս լույս է տեսել Հասմիկ Հովհանի (Հովհաննիսյան) հեղինակային երկրորդ` «Երկինքը հոգուս» բանաստեղծությունների գիրքը, որի երեք բաժիններում ամփոփված են հեղինակի վերջին տարիներին գրած ստեղծագործությունները։

«Ցավի ակոսներ» բաժնում Հասմիկ Հովհանը զետեղել է 2020 թվականի պատերազմի ժամանակահատվածն ընդգրկող ստեղծագործությունները։ Երկրորդ բաժինը վերնագրված է «Եռաբլուր», երրորդը` «Նռնահամ Երկիր»։

Հասմիկը հայրենիքի ազատության համար անմահացած տղաների մասին է գրում, հաճախ էլ իրենց դիմելով ասում՝ ձեր լռությունն այնքան խոսուն է, եւ երկինքն է հիմա համանվագ սեր: Այսքանով չի սահմանափակվում հեղինակի բանաստեղծական մտածողությունը: Նա իր տողերում ցավ է երգում՝ հաճախ մարդուն, ինչու ոչ՝ նաեւ ինքն իրեն սփոփելու փորձեր անում:

«Եռաբլուրում ես մոտ եմ Աստծուն,// Եռաբլուրը սահմանն է Աստծո// եւ մարդու միջեւ»,-գրում է Հասմիկ Հովհանը:

Նա իր տողերում նոր ենթատեքստեր է հաղորդում, շեշտելով, որ Եռաբլուրը ոգու տաճար է եւ պղծված հոգիներն այնտեղ լինելու իրավունքը չունեն: Ու այստեղից մենք եզրակացնում ենք, որ հեղինակը ոչ միայն մեկտեղում է ցավն ու կսկիծը, այլեւ վրեժն ու մեղավորների հանդեպ անհանդուրժողականությունը:

Անմահների զորքի մասին խոսելիս նա իր պարտքն է համարում նրանց կենդանի պահել տողերում՝ ոչ մի կերպ չդնելով բացակա եւ աղոթելով, որովհետեւ իր անշրջելի ու անքննարկելի ամենօրա աղոթքն է երկիրը, որն ամբողջացնում են հերոս հայորդիները:
Գրքի խմբագիրը` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հեղինակը կարծես հին ու նոր Հայաստանի բոլոր մասերին խառնված լինի` լեռ, ձոր, ծաղկադաշտ, աղբյուր, քար։

«Հասմիկը չի շրջանցում իր ժամանակը, իր օրվա ցավն ու կսկիծը չի թողնում սերունդների ուսին, իր լացը լացում ու հավատում է խինդ ու բերկրանքի զրնգուն ափին հանգրվանելուն»,-գրում է Խաչիկ Մանուկյանը։

Պարուսույց, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն էլ իր խոսքում նշել է, որ հեղինակի եռագրությունը կարծես աղոթաբառ եւ ինքնատիպ եռաձայն մի պատարագ լինի։

«Նրա բանաստեղծություններն իրենց թեւերին տանում են քեզ դեպի հայոց հայրենին, Հայկական լեռնաշխարհ, դառնում են աղոթագիրք, ուր ամեն մի աղոթք-բանաստեղծություն առանձին հոգեւոր ծես է` կարոտի, ցավի, կորստյան»,-գրում է Գագիկ Գինոսյանը։
Արձակագիր Սոֆյա Սարգսյանի խոսքով` Հասմիկի բանաստեղծություններում նկատելի է հեղինակի խորունկ ցավը՝ հայրենիքի ցավին համահունչ։

-«Պապանձված հոգով… ավեր է ներսս», «Բզկտված սիրտս կարոտ է մի բուռ», «Աչքերս մոմե՛ր են, ձեռքերս՝ նույնպես»… «Բանաստեղծուհու տողերի խռովքը չի հանդարտվում դժխեմ պատերազմից անգամ կես տարի անց, եւ թվում է՝ երբեք չի էլ հանդարտվելու»,-գրում է արձակագիր Սոֆյա Սարգսյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31