Նախորդ տարի հայկական ֆուտբոլը գրանցեց ոգեւորեցնող եւ բացառիկ հաջողությունների շարք, ինչպես նաեւ ունեցավ ցավալի եւ ճակատագրական սայթաքումներ։ Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում ազգային հավաքականը եւ Հայաստանի առաջնության գործող չեմպիոն Ալաշկերտը փորձեցին փոքր-ինչ ժպիտ պարգեւել հայ ֆուտբոլասերներին։ Մինչ նախորդ տարվա արդյունքներին անդրադառնալը պետք է նշել, որ այս ամենի հիմքը դրվել է ավելի վաղ։ Հայկական ֆուտբոլում նկատելի փոփոխություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ իսպանացի անվանի ֆուտբոլային մասնագետներ հրավիրվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ամենանշանակալի իրադարձությունը կարելի է համարել իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսի նշանակումը որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Կապարոսը նախկինում մարզել է իսպանական Լա լիգայում հանդես եկող բազմաթիվ ակումբներ, որոնցից կարելի է առանձնացնել Վիլյառեալը, Բիլբաոյի Ատլետիկը եւ Սեւիլյան։ Իսպանացի մասնագետի հետ ազգային հավաքականը առաջին հաջողությունները գրանցեց 2020 թվականին. մեր ընտրանին Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբում գրավեց առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Հյուսիսային Մակեդոնիայից, Էստոնիայից եւ Վրաստանից։ Այդ ձեռքբերումներից ոգեւորված՝ հավաքականը սկսեց նախապատրաստվել Քաթար 2022-ի ընտրական փուլի մրցաշարին։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանին բաժին էր հասել մրցունակ խումբ: Խմբի ֆավորիտն անկասկած համարվում էր Գերմանիայի ընտրանին, իսկ մնացած հավաքականների հետ Հայաստանը ի զորու էր պայքարել։ 2021-ի մարտին սկսեցին խմբային փուլի հանդիպումները։ Ազգային ընտրանին հաղթանակների անհավանական շարք գրանցեց։ Առաջին խաղում արտագնա հաղթանակ Լիխթենշթեյնի նկատմամբ, իսկ մյուս երկու խաղերում հավաքականը Երեւանում մրցեց Իսլանդիայի եւ Ռումինիայի հավաքականների դեմ եւ երկու դեպքում էլ անկանխատեսելի հաղթանակներ տարավ։ Մեկնարկային 3 տուրերից հետո ազգային ընտրանին միանձնյա գլխավորում էր խումբը։ Սայթաքել էր նույնիսկ խմբի ֆավորիտ Գերմանիան…
Հավաքականի հաջողություններից ոգեւորված՝ պայքարի մեջ մտավ Ալաշկերտը։ Ամռանը սկսեց եվրագավաթների որակավորման փուլը։ Հայաստանի չեմպիոնը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը եւ երկրորդ փուլում հանդիպեց մոլդովական Շերիֆին։ Մոլդովական ակումբը այս մրցաշրջանում անակնկալի բերեց եվրոպական ֆուտբոլի վարպետներին եւ նույնիսկ Սանտյագո Բեռնաբեոյում հաղթեց Մադրիդի Ռեալին։ Ալաշկերտը զիջեց Շերիֆին եւ տեղափոխվեց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ նրա մրցակիցը ղազախական Կայրաթն էր։ Ղազախստանում թիմերը գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան հանդիպմանը, Երեւանում, երկու ակումբները դրամատիկ ֆուտբոլ ցուցադրեցին, եւ միայն հավելյալ ժամանակում Ալաշկերտը կարողացավ հաղթանակի հասնել եւ անցնել հաջորդ փուլ։ Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում Ալաշկերտին բաժին հասավ Շոտլանդիայի բազմակի չեմպիոն, եվրոպական ֆուտբոլում բազմաթիվ հաջողությունների հասած Գլազգոյի Ռեյնջերսը։ Անհամեմատ ուժեղ էր Ռեյնջերսը խաղամակարդակով, եւ Ալաշկերտը զիջեց դիմակայությունը։ Սակայն պետք է փաստել, որ հայկական ակումբը արժանի պայքար մղեց։ Ռեյնջերսին զիջելուց հետո՝ Հայաստանի չեմպիոնը պատմական հաջողություն գրանցեց։ Ալաշկերտը առաջին հայկական ակումբն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ մասնակցում է եվրագավաթային մրցաշարի խմբային փուլին։ Ավելի կոնկրետ՝ Ալաշկերտը հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Ցավոք, հայկական ակումբը խմբային փուլում հաջողությունների չհասավ: Ալաշկերտը չպարտվեց միայն Մակաբիի դեմ երեւանյան հանդիպմանը եւ վաստակելով մեկ միավոր՝ ավարտեց մրցաշարը վերջին հորիզոնականում։
Կարդացեք նաև
Աշնանը տեղի ունեցան Քաթար 2022-ի ընտրական փուլի մյուս հանդիպումները։ Հայ ֆուտբոլասերները ոգեւորված էին գարնանային հաջողություններից, սակայն հավաքականը ոչ միայն չկարողացավ պահպանել առաջին հորիզոնականը, այլ նաեւ ցավալի եւ որոշ խաղերում անակնկալ սայթաքումներ թույլ տվեց։ Մեր ընտրանին աշնանը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի եւ Իսլանդիայի դեմ արտագնա, ինչպես նաեւ Լիխթենշթեյնի դեմ տնային հանդիպումներում։ Ինչպես նաեւ ավելի ցավալի եւ խոշոր հաշիվներով պարտություններ կրեց՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ տնային եւ Ռումինիայի դեմ արտագնա հանդիպումներում։ Ցավոք, Գերմանիայի դեմ երկու դիմակայություններում էլ ազգային հավաքականը կրեց խոշոր հաշվով պարտություններ։
Այս անհաջողությունների շարքը Հայաստանի ազգային հավաքականին իջեցրեց 4-րդ հորիզոնական եւ մեր ընտրանին զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Չնայած աշնանը տեղի ունեցած անկմանը՝ գնահատանքի է արժանի հավաքականի տղաների եւ մարզչական անձնակազմի աշխատասիրությունը եւ ձգտումը դեպի հաղթանակ։
Անհաջողությունների պատճառները կարող են լինել շատ տարբեր։ Ֆեդերացիայի, մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների միջավայրում անառողջ մթնոլորտ, ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի եւ փորձի պակաս եւ այլն…
Հուսով ենք, որ խնդիրները կստանան շուտափույթ լուծումներ եւ թե՛ ազգային հավաքականում, թե՛ ակումբային մակարդակում կունենանք լուրջ հաջողություններ։
Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2022