Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քարվաճառի ու Լաչինի հանձնելուն՝ առանց մի շունչ առնելու համաձայնություն տալը դարձավ մեր անվտանգության խնդիրների մարտահրավեր»

Հունվար 17,2022 14:00

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ եւ Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար
Սարգիս Շահինյանի համոզմամբ՝ մենք իրավունք չունենք Արցախը դատարկելու:

«Մենք իրավունք չունենք այդ տարածքը դատարկելու: Մեր հակառակորդի բուն նպատակն այն է, որ Ղարաբաղն ունենա նույն ճակատագիրը, ինչ Նախիջեւանը», – «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ եւ Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Սփյուռքում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական գործիչը, հայ-թուրքական բանակցությունների ներկայիս ընթացքից ելնելով, որոշ մտահոգություններ ունի: Ըստ նրա՝ Թուրքիան կցանկանա հասնել նրան, որ կյանքի կոչվեն Լոզանի, Կարսի, միգուցե նաեւ Բաթումի դաշնագրերը, բայց չի ցանկանալու, որ Վիլսոնի իրավարար վճիռն ամրագրվի, թեեւ այն մեծ կշիռ ունի:

Սարգիս Շահինյանը կարծում է, որ մենք Արցախը դատարկելու իրավունք չունենք մի քանի պատճառով. «Մենք իրավունք չունենք երկու պատճառով. մեկը, որովհետեւ դա միշտ հայերի կողմից բնակեցված մի տարածք է՝ մշակութային կոթողների իրականությամբ, բայց ամենակարեւորը, որ այսօր տանուլ տվեցինք, այն էր, որ Արցախը մեզ համար վահան էր: Քարվաճառի ու Լաչինի հանձնելուն՝ առանց մի շունչ առնելու համաձայնություն տալը՝ նոյեմբերի 9-ի մասին է խոսքը, դարձավ մեր այսօրվա գերագույն անվտանգության խնդիրների մարտահրավեր»:

Մեր հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարեվերջյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններն ավելի խորացրին մտահոգությունները, Սարգիս Շահինյանն այսպես արձագանքեց. «Այո, համամիտ եմ այդ կարծիքի հետ… Ես չեմ կարողանում հասկանալ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը: Լավ կլիներ, որ այդ ծրագրերին ծանոթանայինք, որ այս բանակցությունների ուղղությունը, մեր կարմիր գծերն իմանայինք»:
Ըստ մեր զրուցակցի՝ մենք չկարողացանք ժամանակին այդ խոհեմությունն ունենալ, նույնիսկ 2009-ից այն կողմ այդ քաջությունն ունենալ: Նա հիշեց. «Սերժ Սարգսյանը կուզեր, եւ նա փորձեց գնալ Ստեփանակերտ, մարդկանց փորձեց համոզել, հասկացնել, որ ի վերջո այս տարածքները ԼՂԻՄ-ի շուրջ՝ բացի Քարվաճառից եւ Լաչինից, մենք գրավել ենք իբրեւ հակակշռող, բայց որ մենք պետք է դրանք մի օր վերադարձնենք, բայց վերադարձնենք ինչ-որ բանի դիմաց: Հիմա մեկին մեկ այդ տարածքները գնացին, մանավանդ Լաչինն ու Քարվաճառը տալը մեզ վրա այնքան ծանր է նստում, քանի որ մենք արդեն այստեղ ազգային անվտանգության բացարձակ սպառնալիքի տակ ենք»:

Հարցին՝ ո՞րն էր դրա պատճառը, Սարգիս Շահինյանը պատասխանեց. «Անպատրաստությունը եւ միամտությունը: Մեր մասին բարձր կարծիք ունեինք, ճիշտ կերպով զինված չէինք, երբ մենք պիտի կարողանայինք նույն ծախսով ունենալ այն պաշարը, որը մեզ պետք էր: Մյուսը բանակի կազմակերպվածության խնդիրն էր: Չաշխատեց հրամայական շղթան, որն է քաղաքական իշխանություն, բանակ եւ զինվոր: Սրանք գերագույն կետերն էին, որոնք տանուլ տվեցինք: Այս իրավիճակը մեկ առ մեկ բխում է այդ կետերից»:

Սարգիս Շահինյանի համոզմամբ՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեծ դերակատարություն ունի խորհրդարանական դիվանագիտությունը՝ այսպես կոչված՝ «փափուկ ուժը»: Նրա՝ Հայաստան այցն ունի երկու նպատակ՝ իրազեկվել եւ իրազեկել հասարակությանն այն վտանգի մասին, որի առաջ կանգնած ենք, վստահեցնել, որ այս հարցերում կույր լինել պետք չէ: Իսկ մյուս նպատակն է զարգացնել ՀՀ-Շվեյցարիա երկկողմանի հարաբերությունները: Նա մանրամասնեց. «Մենք օդի նման կարիք ունենք ցանկացած տեսակի դիվանագիտական պատուհաններ բացելուն բոլոր երկրների հետ: Մենք մենակ մնացինք. սա պատերազմում մեր պարտության պատճառներից է, կատարյալ բոբիկ էինք, որտեղ զորակցության կարիք ունեինք»: Ըստ Սարգիս Շահինյանի՝ սրա պատճառն այն է, որ մենք մեր տնային աշխատանքները չկարողացանք անել ինչպես որ պետք էր:

Սարգիս Շահինյանը ցանկանում է, որպեսզի բարեկամական խմբերի միջոցով կարողանանք տարբեր երկրների, մարդկանց համոզել, որ որքան էլ փոքր է Հայաստանը, բայց ունի իր արժեքները, որոնք այդքան էլ հեռու չեն իրենց արժեքներից: Նա այս առիթով մանրամասնեց. «ՀՀ-ն ունի շատ կարեւոր գործոններ. մենք, օրինակ, հակաիսլամական չենք, այս փաստը մեր պատմությունն է, մենք թե՛ օսմանյան կայսրության մեջ ունեինք որոշ առավելություններ, թե՛ պարսկական կայսության մեջ: Հայերին դեսպան էին նշանակում առեւտրական բարձր դասակարգի, քանի որ մեր միջոցով այդ խնդիրները կարելի էր լուծել: Մենք ունենք ուղեղի ուժի իրողությունը, ու դա պիտի մնա: Մենք էլ ուրիշ բան չունենք: Կարող ենք քարից ջուր սարքել: Մենք այդ խելքն ունենք, բայց քանի դեռ այդ խելքն անհատական է, մենք չենք հասնելու արդյունքի: Մենք այդ խելքը պիտի դարձնենք միասնական, դրա ուղղվածությունը պիտի իմանանք՝ ինչի համար ենք ինչ անում: Դրա համար էլ պնդում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններում էլ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էլ մեզ հստակ օրակարգ, դոկտրին է պետք»:

Սարգիս Շահինյանն այս հարցերում կարեւորում է հայ-շվեյցարական հարաբերությունների թարմացումը: Նա շարունակեց. «Այս տարի Շվեյցարիա-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է. ամեն ինչ պիտի անենք, որ ՀՀ-ի բարեկամական խմբի մեկ պատվիրակություն կարողանա գալ Շվեյցարիա, եւ այդ հոբելյանը պետք է նշենք մեծ եռանդով: Մարդիկ պիտի գան, խոսեն, իրենց ջիղը ցույց տան: Որպես հեռվից եկած մի ժողովուրդ, որը ներկայանում է ընտրված, լեգիտիմացված մարդկանց միջոցով, պետք է ցույց տալ մեր սերն ու հետաքրքրությունը եւ դրական ազդակները»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31