Վաղը՝ հունվարի 17-ին Վերաքննիչ դատարանը նշանակել է հերթական նիստը՝ կապված Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստերն արգելանքից ազատելու հետ:
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Արթուր Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սպասում են դատարանի վաղվա որոշմանը, որից հետո արդեն հստակ կլինի իրենց անելիքները. «Ոչ մեկ կասկածի տակ չի դնում, որ ավագանին որպես մարմին արդեն ձեւավորված է: Ու պատկերացնո՞ւմ եք հիմա ավագանու լիազորությունների վրա արգելանք է դրված: Մոտավորապես արդեն մեկ ամիս է Վանաձորը կոլապսի մեջ է, լուրջ խնդիրներ ունենք, բայց այս տիպի դատական հնարքներով ձգձգում են: Բայց վաղը կարծում եմ որոշակիություն կմտնի, եթե չի մտնի այդ որոշակիությունը մենք մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք նաեւ լրատվամիջոցներին»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Մամիկոն Ասլանյանի գործը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտարարել, Օհանյանն ասաց. «Վարչական դատարանի գործով դատավորն է բացարկ հայտարարել, իսկ քրեական գործը, որ հարուցված է նիստը հունվարի 19-ին է, այնպես որ այս երկու օրը շատ բաներ պարզ կլինեն: Փաստաբանները միջնորդել են, որ խափանման միջոցը փոխեն»:
Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է արդեն մեկ ամիս: Ինչպես տեղյակ ենք, Ասլանյանին մի քանի անգամ այցելել էր Արթուր Վանեցյանը:
Կարդացեք նաև
Փորձեցինք պարզել` եղե՞լ են այլ պաշտոնյաներ, որոնք այս օրերին նույնպես տեսակցության են գնացել, ավագանու անդամը տեղեկացրեց, որ Ասլանյանի մոտ տեսակցություններն այժմ արգելված են. «Ես, որքանով տեղյակ եմ, ԱԺ պատգամավորներ էլ են այցելել: Բայց այդ այցելություններից հետո տեսակցությունները փակեցին: Միայն փաստաբաններն են այցելում:Այս պահին որեւիցե տեսակցության հնարավորություն չկա: Պատճառը կարծում եմ այդ այցելություններն են եղել, հիմա կալանքի ձեւն ավելի են կոշտացրել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ