Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, հայտնում են ՀՀ նկարիչների միությունից։
Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Ռուբեն Արուտչյանի ընտանիքին և հարազատներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս․թ․ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում (Էրեբունու շրջան, Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա ս․թ․ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե՝ Աբովյան 16):
Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։
1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։
1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։
1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։
1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ։