ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնությունը՝ Հայաստանում կառուցել Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը, բուռն քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել:
Aravot.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այս առնչությամբ իր տեսակետը ներկայացրեց. «Մեր հոգեւոր ընկալումների ավանդության հետ բացարձակ կապ չունեցող երեւույթ է, ո՛չ անհրաժեշտ է, եւ ո՛չ էլ ժամանակն է»:
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն իր այդ որոշումը պատճառաբանում է նրանով, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, շատ պետություններ ունեն Քրիստոսի արձանը, մենք չունենք, Բագրատ սրբազանն արձագանքեց. «Առաջին քրիստոնյա ազգն ենք եւ երբեք այդպիսի բան չենք ունեցել եւ անհրաժեշտությունն էլ չենք ունեցել, ոչ թե չենք կարողացել ունենալ»:
Սրբազանն ասաց, որ ժամանակին նրանք, ովքեր կարողություն ու հնարավորություն ունեին նման բան անելու, չեն արել, որովհետեւ պետք չի եղել. «Մենք 20 տարի առաջ չէր, որ առաջին քրիստոնյա ազգը դարձանք, չէ՞: Այնպես որ, ո՛չ նպատակն է հասկանալի, ո՛չ էլ մենք ավանդույթն ունենք դա անելու, անհրաժեշտություն չկա նման բան անելու: Դրա փոխարեն մենք բազմաթիվ տաճարներ ունենք, խաչքարեր ունենք, մեր ժառանգությանը հարազատ շատ հոգեւոր կոթողներ ունենք, որոնք անխնամ վիճակում են գտնվում: Առաջին քրիստոնյա ազգը դրա մասին պետք է մտածի: Այդ արձանը մեր ո՛չ դավանանքի հետ կապ ունի, ո՛չ մտածումների հետ, ո՛չ ավանդության, ո՛չ ընկալումների, ո՛չ մի ձեւով երբեք չի կապվում մեր դավանաբանության ու ընկալումների հետ: Եվ երկրորդ, ես չգիտեմ՝ Մայր աթոռի հետ համաձայնեցրել են, չեն համաձայնեցրել, խոսել են, չեն խոսել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ասաց, որ արդեն հանձնարարությունը տրված է, նախագծման աշխատանքներ են իրականացնում:
Հարցին՝ եկեղեցին չպե՞տք է այդպիսի մեծահարուստներին ուղղորդի ճիշտ տեղերում ներդնել իրենց գումարները, ճիշտ ուղերձներ փոխանցի, որ կողմնորոշվեն, որովհետև, ըստ էության, ուզում է լավ բան անել, չի ստացվում, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Եկեղեցին ուղղորդում է, ասում էլ են, խոսում էլ, ներկայացնում էլ: Հարցնել էլ է պետք, չէ՞, միայն պատգամ թողնե՞լն է: Եվ ոչ միայն եկեղեցու պարագայում, սա ընդհանուր խնդիր է, առաջնահերթությունների խնդիր է: Մի պահ վերանանք այսպիսի նախաձեռնություններից, որ անձնական դրսեւորումը համարվում է հոգեւոր ոլորտ, ընդհանրապես նայենք մեր շուրջը՝ բոլոր ոլորտներում, բոլոր քայլերում բացարձակ ո՛չ համաձայնեցում կա, ո՛չ առաջնահերթություններ կան, ո՛չ ժամանակի հրամայականով պայմանավորված գործելու տրամադրությունը կա: Այնպես է, որ ով ինչպես ինչ ցանկանում, կատարում է: Հիմա այդ պահին օգուտ էր, վնաս էր, առաջնային էր, երկրորդային էր, ոչ մի խնդիր, ոչ մի քննարկում, ոչ մի վերլուծություն: Վերցրեք երկրում բոլոր խնդիրները դրեք իրար կողքի: Առաջնային, երկրորդային գոյություն չունի՝ սկսած պետական բյուջեն օգտագործելուց մինչեւ անհատները, որ իրենց դրամն է: Սկսած այն տեղից, որտեղ պետք է լինի ռազմավարությունը, քաղաքականության մշակումը, առաջնահերթությունների սահմանումը, սկսած այդ տեղից՝ ամենակարեւոր տեղից՝ մեր հավաքական վճարումների տեղից: Պետական բյուջեն օգտագործելուց մինչեւ անհատները: Անհատները՝ դեռ ավելի մեղմ, բայց, ամեն դեպքում: Սա ուղղակի մեր քաոտիկ նկարագրի դրսեւորում է երեւի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կեցցես սրբազան!