Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադե սուֆլե (տեսանյութ)

Հունվար 16,2022 13:17

Շատ նրբահամ եւ շատ գեղեցիկ այս աղանդերը չի պարունակում ալյուր, հետեւաբար, գլյուտենի հետ խնդիր ունեցողները նույնպես կարող են վայելել այս թխվածքը:

Անհրաժեշտ մթերքները

Սեւ դառը շոկոլադ (ցանկության դեպքում կարող եք կաթնային վերցնել)- 150 գրամ

Կարագ-100 գրամ

Շաքարավազ-100 գրամ

Վանիլի էքստրակտ (պարտադիր չէ)- 1 թեյի գդալ

Աղ-մեկ պտղունց

Ձվի սպիտակուց- 4 ձվի

Կիտրոնի հյութ կամ սպիտակ գինու կամ խնձորի քացախ-1 թեյի գդալ

Ձվի դեղնուց- 2 ձվի

Պատրաստման եղանակը

Այս աղանդերի համար անհրաժեշտ են հրակայուն տարաներ՝ կերամիկայից, ծայրահեղ դեպքում՝ ապակուց, բայց կարեւոր է, որ պատերը ուղղահայաց լինեն, թեք չլինեն, որպեսզի սուֆլեն կարողանա ուղիղ եւ ձիգ բարձրանալ: Հատուկ սուֆլեի համար վաճառվում են փոքրիկ, մեկ բաժնի համար նախատեսված տարաներ՝ ռամեկիններ: Կարող եք վերցնել նաեւ կրեմ-բրյուլեի համար նախատեսված ավելի մեծ չափսի հրակայուն ամաններ, եւ վերջ ի վերջո, կարող եք պատրաստել միանգամից մեծ տարայի մեջ եւ հետո գդալով բաժանել: Երբեմն պատրաստում են նաեւ սուրճի հրակայուն բաժակների մեջ, նույնպես շատ գեղեցիկ է լինում, բայց անպայման պետք է ուշադիր լինեք, որ հաստ պատերով եւ ջեռոցը դնելու համար նախատեսված, ցանկալի է կավից, թրծված բաժակ լինի:

Սկզբում պետք է ռամեկինները լավ կարագոտել, ապա շաքարավազ լցնել մեջը եւ շուռումուռ տալով ամբողջ պատերը շաքարապատել, ավելորդ շաքարավազը թափել: Տարաները այնուհետեւ դրեք սառնարան:

Ջեռոցը միացրեք 200 աստիճան: Մինչեւ ջեռոցը տաքանա, պատրաստեք խմորը: Կարագն ու շոկոլադը հալեցրեք կամ միկրոալիքային վառարանում կամ ջրային բաղնիքի վրա: Սպիտակուցը շատ լավ հարեք, քիչ-քիչ ավելացրեք շաքարավազը:  Ապա ավելացրեք մի պտղունց աղն ու կիտրոնահյութը կամ քացախը: Շարունակեք հարել, որ դառնա պինդ բեզե:

Հալեցրած շոկոլադա-կարագային զանգվածին ավելացրեք վանիլի մզվածքը (պարտադիր չէ), խառնեք, որ դառնա միատարր զանգված եւ մի քիչ հովանա: Ավելացրեք ձվի դեղնուցը եւ խառնեք, որ կրկին միատարր դառնա: Ապա գդալ-գդալ ավելացրեք պատրաստի բեզեն:

Հանեք տարաները սառնարանից եւ պատրաստի զանգվածը լցրեք տարաների մեջ: Պետք է հնարավորինս լիքը լցվի: Հարթեցրեք վրան: Եվ բութ մատով եզրերը մի փոքր մաքրեք (տես՝ տեսանյութը), որպեսզի սուֆլեն լավ բարձրանա:

Դրեք ջեռոցը 13-15 րոպեով: Ընթացքում չբացեք ջեռոցի դուռը: Եթե մեկ ընդհանուր մեծ ամանով եք դրել, ապա, թերեւս, մի փոքր ավելի երկար ժամանակ պետք կլինի եփվելու համար:

Ջեռոցից հանեք տաք-տաք վիճակում եւ մատուցեք: Կարող եք վրան շաքարի փոշի ցանել կամ գլխիկը կոտրել ու մեջը հարած սերուցք կամ պաղպաղակ դնել, նոր մատուցել: Սառը վիճակում նույնպես համեղ է, սակայն հենց սառչում է, սուֆլեն նստում է, այնպես որ մատուցել պետք է անպայման տաք վիճակում:

Մանրամասները եւ նրբությունները՝ տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31