Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ-Աղվանի-Կապան նոր այլընտրանքային ճանապարհի ասֆալտը կարկատված չէ (ֆոտո, տեսանյութ)

Հունվար 15,2022 21:11

Անցած տարեվերջին շահագործման հանձնած Տաթեւ-Աղվանի-Կապան 43 կիլոմետրանոց ավտոճանապարհի, մասնավորապես Նորաշենիկ-Կապան հատվածի որոշ մասեր քարուքանդ վիճակում են։ Վարորդները այն կարծիքին են, որ ասֆալտը, կարծես, կարկատած լինի։ «Թե չէ ինչու պիտի այսպես շուտ քայքայվեր։ Ընդամենը մի երկու ամսվա ճանապարհ է»,-ասում է կապանցի Սամվելը, որը եթե ոչ ամեն օր, ապա օրումեջ այդ հատվածով անցնում է։

Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը համաձայն չէ վարորդների հետ։ Ասում է՝ ճանապարհը կառուցվել է նորարարական տեխնոլոգիայով։ «Ասֆալտը կարկատան արած չէ, նորոգվել է, ճանապարհը` լայնացվել։ Սակայն հիմքի հետ կապված խնդիրներ կան։ Աշխատանքները վերջնական ընդունված չեն։ Աշխատանքների վերջացնելուց հետո 3 տարի ժամանակով ճանապարհը երաշխիքային սպասարկման մեջ կլինի։ Ուղղակի սպասում ենք եղանակային բարենպաստ պայմանների, որպեսզի  հիմքը քանդվի՝ հասկանալու համար ջրահեռացման աշխատանքների համար ինչ լուծում գտնենք»,-ասում է Վահագն Ստեփանյանը։

Այլընտրանքային Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհը 3 տարբեր շինարարական կազմակերպություն է կառուցել։ Դրանցից երկուսի կառուցած ճանապարհահատվածները խնդիրների պատճառով չեն ընդունվել ու շահագործման հանձնված չեն։ Այն ճանապարհային դեպարտամենտի կողմից կընդունվի այն ժամանակ, երբ բոլոր խնդիրներն ուղղված կլինեն։ Ոլորտի պատասխանատուի խոսքով, Սյունիքում կառուցված այլընտրանքային այս ճանապարհը իր տեսակով եզակի է, Հայաստանում դեռ նման ճանապարհ չէր կառուցվել։

«Բոլորս գիտենք այդ ճանապարհի հրատապությունը, ուստի աշխատանքներն արել ենք շատ կարճ ժամանակահատվածում»,-նշում է Վահագն Ստեփանյանը՝ հավաստիացնելով, որ ճանապարհի նեղ հատվածները լայնացնելուց ու բոլոր թերությունները վերացնելուց հետո, ունենալու ենք բարձրակարգ ու հարմարավետ ճանապարհ։

Տեսանյութում՝ Տաթեւ-Աղվանի-Կապան ավտոճանապարհի Նորաշենիկ-Կապան հատվածի քարուքանդ հատվածներն են։

Նշենք, որ հունվարի 13-ից 14-ը աշխատանքային այցով Սյունիքում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ միասին շրջել է Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճանապարհներով, ծանոթացել իրավիճակին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31