Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատրաստ չենք շուկայական գնով վճարել գազի դիմաց՝ պետք է պատրաստ լինեինք ինչ-որ բան զիջել մեր ինքնիշխանությունից». «Առերեսում»

Հունվար 15,2022 23:00

2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Գնաճը վերջին անգամ 4 տոկոսի սահմանն անցել էր 2014-ին։ Խմելու ջուրը 11 տոկոսով թանկացել է հունվարի 1-ից։ Փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը՝ կրկին 11 տոկոսով։ Շուտով դրանց կավելանա նաև գազի սակագնի բարձրացումը։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը եւ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը անդրադարձան գնաճի պատճառներին ու նաեւ գնահատեցին, թե արդյոք Կենտրոնական բանկը իր գործիքներով  կարողացե՞լ է կառավարել ընդհանուր գնաճը:

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից.

Աշոտ Խուրշուդյան. Կենտրոնական բանկի գործառույթը չի գներն իջեցնելը՝ պետք է հասկանանք: Կենտրոնական բանկի գործառույթն է՝ գների աճը 4 տոկոսից ավելին չլինի, եւ ինքը գալու է այդ միջակայքին: Եվ ինձ թվում է, անցյալ տարի, հատկապես դեկտեմբերին՝ չափից շատ էր (հիմնականում իհարկե սոցիալական, որից օգտվում է քաղաքականը) գների աճի թեման, եւ ԿԲ-ն դեկտեմբերին եւս մեկ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինձ թվում է՝ կարող էին չանել, քանի որ արդեն հասել էինք այն կետին, որ այս տարի կառավարելի կլինի գնաճը:

Հայկազ Ֆանյան. Բնականաբար, ակնկալել, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությամբ ձեթի գինը կիջնի կամ կբարձրանա՝ այդքան էլ այդպես չի…

…Բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ մյուս կողմից, վտանգվում է տնտեսական աճը: Այսինքն՝ երբ պահանջարկը զսպվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով՝ մենք ունենալու ենք ավելի քիչ տնտեսական աճ, քան ունենք:

Աշոտ Խուրշուդյան. Միշտ վախեցել են հանրային ծառայությունների գները նորմալ բարձրացնելուց՝ պահում-պահում-պահում են՝ մեկ էլ թռցնում են: Կան երկրներ, որ ամիսը մեկ են վերանայում՝ վերեւ-ներքեւ. Կանադան այդ երկրներից մեկն է: Նորմալ ամեն անգամ վերանայում են, ազնիվ հաշվում ու գնում դրան:

Մենք ամեն անգամ այս զրույցն ունենում ենք, քանի որ մինչ այդ ի՞նչ գաղտնի բանակցություններ են եղել, ի՞նչ պայմանավորվածություններ, ինչպե՞ս է սակագինը ցածր պահվել… այդ ամենը չի բացահայտվում, որպես քաղաքական դիվիդենտ է ներկայացվում, հետո ինչ-որ պահի հասկանում են, որ չեն կարող…

Հայկազ Ֆանյան. Պարզ է, որ գազը Ռուսաստանի համար դարձել է գազային դիվանագիտության, եթե չասենք՝ մահակի հարց…

…Կար արտոնյալ պայմաններով Ռուսաստանից գազ ստացողների ցանկ. մենք Բելառուսից հետո երկրորդն ենք: Մի քանի տարի առաջ հոդված էի հրապարակել՝ «Ինքնիշխանության գինը»: Եթե մենք պատրաստ չենք շուկայական գնով վճարել գազի դիմաց՝ պետք է պատրաստ լինեինք ինչ-որ բան զիջել մեր ինքնիշխանությունից: Համենայն դեպս՝ նախորդ 20 տարիների փորձը դա է ցույց տալիս:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31