Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հայատյացությունը չափազանց խոր արմատներ է գցել հանրային գիտակցության մեջ. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 15,2022 11:25

Թշնամու կերպարի առկայությունը պահանջված է ժողովուրդների, հանրույթների համար՝ դառնալով տարբեր նպատակների հասնելուն ուղղված բացասական մեխանիզմ։ Քաղաքականության մեջ թշնամու կերպարը հաճախ օգտագործվում է որպես սոցիալական խոշոր խմբերի համախմբման գործիք այս կամ այն պետության ու սոցիալական խմբերի դեմ եւ միաժամանակ ապահովում է անհրաժեշտ շրջանակների աջակցությունը իշխանությունների կողմից առաջարկվող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծումներին։

Թշնամիները հասարակության գիտակցության մեջ ներկայացվում են որպես չարիքի կրողներ եւ ձգտում նվաստացնելու, զարգացմանը խոչընդոտելու կամ նույնիսկ ոչնչացնելու պետությունն ու հասարակությունը։ Ընդհանրապես, քաղաքականության մեջ թշնամու կերպարը երբեք ամբողջությամբ չի կոնկրետացվում, այլ օգտագործվում է որպես փոխաբերություն, որի իմաստը որոշում է յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր սոցիալական խումբ՝ հակառակորդի մասին իրենց պատկերացումներին համապատասխան։

Այս դասական մոտեցումն ունի իր բացառությունն ի դեմս Ադրբեջանի։ Քաղաքական պրակտիկայի եւ քաղաքական տեսության (ավելի լայն՝ քաղաքական մշակույթի) անբաժանելի տարր հանդիսացող «թշնամու կերպարի» մեծ «չափաբաժնով» օգտագործումը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ի վերջո զրկում է հասարակության մեջ բարու ու չարի, արդարության ու համերաշխության վրա հիմնված արժեհամակարգ ունենալու հնարավորությունից, այն քաղցկեղածին է թե՛ անհատի, թե՛ հանրույթի եւ թե՛ ազգերի համար։

Այնինչ, կովկասյան թաթարների պարագայում «թշնամու կերպարը» նախեւառաջ «ազգային» ինքնության ձեւավորման հիմքն է կազմում։ 1918 թ. քաղաքական թատերաբեմում հայտնված արհեստածին պետությունն առայսօր ինքնության փնտրտուքների մեջ է՝ տարբեր տարիների զարգացնելով թուրքական, պարսկական, մարական, աղվանական, անգամ՝ շումերական ծագման թեզերը։ Սակայն այս ընթացքում մեկ բան կայուն եւ կարմիր թելի պես անցել է այդ պետության համար, այն է՝ հայատյացությունը։

Նրանց համար հայերի նկատմամբ ատյացության, հակահայկական տրամադրությունների գեներացումն ու մշտապես որոշակի մակարդակի վրա պահելը զուտ քաղաքական խնդիր չեն, այն տվյալ հանրույթի «ազգային» ինքնագիտակցության ձեւավորման հենասյունն է։ Նման սեւեռվածությունը, եթե անգամ ընդհանուր առմամբ ունի մեծ ներուժ եւ կարող է «հարվածը» շատ ուժեղ ու ավերիչ դարձնել, միաժամանակ ունի նաեւ իր հակառակ կողմը։ Թշնամու նկատմամբ տարած հաղթանակը, որից հետո նժարի մյուս կողմում չի դրվում այլ «թշնամու» կերպար, կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնեցնել ինքնության գիտակցումը եւ դրանից բխող քայլերի տրամաբանության մեջ ճաքեր առաջացնել, առավել եւս, երբ հանրության համախմբման՝ կոնսոլիդացիայի առանցքային ու հիմնական գործիքը եղել է հայատյացությունը։

Եվ քանի որ Ադրբեջանում հայատյացությունը չափազանց խոր արմատներ է գցել հանրային գիտակցության մեջ, ապա հազիվ թե այն արագ հնարավոր լինի փոխարինել մեկ այլ «թշնամու» կերպարով։ Սրա հետեւանքով կարող են ատելության նետերն ուղղվել դեպի ներս։ Եթե մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը թշնամու կերպարի օգնությամբ իշխանությունը սնում էր իբր «տարածքային ամբողջականության» վերականգնման պատմական եւ իրավական առումներով հիմնազուրկ տրամադրություններ, ապա «հաղթանակի» էյֆորիայից հետո այն լրջագույն խնդիր է դառնալու նույն այդ հանրույթի համար։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31