Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժի ներկայացուցիչները առաջ են բերում անկարևոր, երևակայական և նույնիսկ իրականությունից շատ հեռու թեմաներ ու փորձում դրանցով լցնել «օրակարգը»․ «Փաստ»

Հունվար 15,2022 10:30

Այսօր Հայաստանի առաջ անվտանգային, տնտեսական, սոցիալական ու արտաքին բազմաթիվ հրատապ մարտահրավերներ են ծառացած։

Սակայն ամեն անգամ արտահերթ նշանակություն ունեցող խնդիրներն անտեսվում են, որոնց փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչները առաջ են բերում անկարևոր, երևակայական և նույնիսկ իրականությունից շատ հեռու թեմաներ ու փորձում դրանցով լցնել «օրակարգը»։ Ընդ որում, դա անում են գրեթե ամենօրյա ռեժիմով:

Ամենաթարմերից, թերևս, այս շարքում պետք է դիտարկել Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատշաճ մակարդակի ինտերնետի բացակայության արդյունքում մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան, իսկ եթե ինտերնետի հասանելիությունն ապահովվի, ապա հնարավորություններ են ստեղծվելու, որ մարզերում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի։

Այս հայտարարությունը խորքային իմաստով ավելի շատ մարզերի բնակիչների ու ընդհանրապես մեր քաղաքացիների հասցեին ուղղված ծաղր է հիշեցնում: Այսինքն, գլխավոր «մտքի գիգանտի» կարծիքով, մարզերում ամեն ինչ հիասքանչ է, միայն ոչ բավարար ինտերնետ հասանելիությունն է խանգարում ու նպաստում մարզերից տեղափոխմանը։ Իրականում մարզային բնակավայրերը դատարկվում են առաջին հերթին անվտանգության երաշխիքների ու աշխատանքի, կյանքի համապատասխան պայմանների բացակայության արդյունքում, այլ ոչ թե ինտերնետի հասանելիության։ Ինտերնետն, իհարկե, լավ բան է, անհրաժեշտ բան է մեր ժամանակներում:

Բայց գնացեք մարզեր ու զրուցեք մարդկանց հետ ու կհասկանաք, որ ավելի նախընտրելի կլինի, որ բազմաթիվ համայնքներում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ լինեն, քան թե դրանցում ապրող բնակիչները սեփական երկրում կորցնեն ապագայի նկատմամբ հույսերը՝ իրենց չզգալով պաշտպանված ու ապահով։ Օրինակ՝ սահմանամերձ դարձած գոտում, մասնավորապես Սյունիքում, Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող մարդու համար այսօր անվտանգության ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նորանոր սադրանքների չի դիմի, գերիներ չի վերցնի, քաղաքացիների գույքը կամ անասուններին չի վնասի և այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանին պետք է, որ սահմանամերձ շրջանների բնակչության շրջանում վախի մթնոլորտ առաջանա, որպեսզի մարդիկ քիչ-քիչ հուսալքվեն ու հեռանան։

Վերջերս ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերի տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Իշխանությունները թող այս հարցով զբաղվեն, որ, օրինակ՝ Որոտանից մարդիկ չհեռանան, այլ ոչ թե անբովանդակ հայտարարություններով հանդես գան։ Հետո Փաշինյանը «միամտորեն» կարծում է, թե մարզերում հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել, երբ ի վիճակի չէ պաշտպանել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ամենատարրական իրավունքները։ Դե, ինչպիսին Փաշինյանը, այնպիսին էլ իր թիմակիցները, որոշ դեպքերում՝ գուցե ավելի վատ, քանզի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ճանապարհին «հովիկաղազարյանությունն» ուղղակի թափվում է բոլորի վրայից: Այս առումով, իշխանավորները, կարծես, մրցակցության մեջ լինեն:

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31