Բոլորին է հայտնի, որ սոցիալ-տնտեսական նման պայմանները բարեբեր հող են արտաքին միջամտությունների՝ դավադրական եւ հրահրողական գործողությունների համար, մանավանդ մի երկում, որի հարուստ ընդերքում կա գազ, նավթ, ուրան, պղինձ… Մի երկիր, ռազմաքաղաքական առումով շատ գրավիչ, որը Բելառուսից հետո ամենասերտ հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ, որին սահմանակից է 7600 կմ երկարությամբ եւ որի հետ ունի միջուկային զենքի ու հրթիռների փորձարկման եւ տիեզերական հետազոտությունների կենտրոններ, որոնցից ամենահայտնին Բայկոնուրն է, որի վարձակալության դիմաց Մոսկվան տարեկան վճարում է 115 մլն դոլար: Հետեւաբար անկասկած էր, որ այժմ Ռուսաստանը պարփակելու արեւմտյան նոր, ավելի շուտ նորացված «Անակոնդա» ծրագիրը ի գործ դնող երկրները անմիջականորեն զբաղվեին Ղազախստանով, գործակալական ցանցերի միջոցով, տնտեսական ու քաղաքական, ինչպես նաեւ լրատվական-քարոզչական իրենց լծակներով: Չի բացառվում նաեւ Թուրքիայի շահագրգռության բորբոքումը՝ համաթուրանականության իր երազի ճանապարհին:
Արտաքին միջամտության ավելի ստույգ ապացույցներ հավանաբար երեւան կգան հետագայում, մինչ այդ՝ երկիրը, թվում է, գնում է դեպի կայունություն՝ շնորհիվ ոչ միայն նախագահ Ջոմարդ Տոկաեւի զիջումների, կառավարության լուծարման, «Ծերուկի» (երկրի իրական տիրոջ՝ Նուրսուլթան Նազարբաեւին այդպես են անվանում ղազախները) պաշտոնազրկման եւ այլ հրամանագրերի, այլեւ՝ ՀԱՊԿ 3500-ի հասնող «խաղաղարար» զորքերի ներկայության, որն իմ տպավորությամբ ոչ այնքան ուժային, որքան քաղաքական-զգացական ներգործություն ունեցավ ազգաբնակչության վրա:
Բոլորիս է հայտնի նաեւ, որ խռովություններին կայծակնային արագությամբ հաջորդած արձագանքը, Տոկաեւ-Պուտին պայմանավորմամբ եւ ձեւակերպման համար անցնելով Երեւանից, մեկ անգամ եւս ցույց տվեց ի լուր ամենեցուն, որ դրության տերը մնում է Մոսկվան, գոնե ռազմաքաղաքական տեսակետից, տնտեսականը արդեն զիջած լինելով Չինաստանին:
Եվ հիմա, այս իրադրության մեջ, ցցվում է մեզ համար կարեւորագույն հարցը, որի շուրջ տարբեր հարթակներում թեր եւ դեմ կարծիքներն են բախվում, ինչպես մեր թերթի ներկա համարի տարբեր էջերում. պե՞տք էր մեր երկրին այսքան պատրաստակամ ընդառաջ գնալ իսկապե՛ս աշխարհաքաղաքական գործընթացի, երբ չգիտենք, չենք խորաչափել չհաշվարկված այդ ռիսկի հետեւանքները մեզ համար: Անշուշտ գիտենք, աշխարհաքաղաքականությունը չի կարող շրջանցել մեզ, մենք էլ չենք կարող խուսափել դրանից: Եվ ահա այստեղ է առաջ գալիս կամ կրկնվում գլխավոր հարցը՝ կարո՞ղ ենք նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում օգուտ, շահ, առավելություններ բերել մեր երկրին: Հայոց Հայրիկի պատմական դասը թղթի փոխարեն երկաթի՛ն ապավինելու դասը սովորե՞լ ենք, ի վիճակի՞ ենք կիրառել: Չեմ կարծում: Դեռեւս:
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում