Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
ԱՄՆ և միջազգային հանրությունը արձագանքում է այս գործընթացին։
«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոմնի դիրքորոշման մասին:
Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը ողջունել է նաև ԵՄ-ն։
Կարդացեք նաև
«ԵՄ-ն ողջունում է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքների և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։
Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանում կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ հարաբերություններում։
2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը:
ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,- նշվում է ԵՄ խոսնակի հայտարարությունում:
Հայ-թուրքական գործընթացը ողջունել է նաև Մոսկվան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չկարգավորված քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ կերպով…»։