«Ազգ»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը
– Անցած տարի բոլորիս համար առաջնային էին սահմանների, անվտանգության ու բանակաշինության հարցերը: Թե ինչ դրական քայլեր են կատարվել օրախնդիր այս հարցերին լուծումներ տալու համար, կարծես թե տեսանելի չէ: Որպես մասնագետ` դուք ի՞նչ վերլուծություն ունեք: Բանակը կարողացե՞լ է մեջքը ուղղել, անվտանգության առումով որեւէ քայլով առաջ գնացե՞լ ենք:
– Բանակաշինության, անվտանգային համակարգերի վերականգնման առումով, կարծում եմ, ոչ միայն որեւէ դրական շարժ չունենք, այլ նույնիսկ հետընթաց ենք արձանագրել: Այս պահին, ցավոք, ՊՆ-ի ԶՈւ-ի վիճակը նույնիսկ ավելի քաոտիկ է, ավելի քանդված, քան 2020 թ. նոյեմբերին էր: Բացատրեմ. հիշենք` պատերազմից հետո 4 նախարար փոխվեց, ընդ որում` վերջին նշանակվածն այնպիսի մարդ է, որ երբեւէ ոլորտում չի եղել ու կառավարման բավական սահմանափակ փորձ ունի` ընդամենը մի քանի տարվա:
Հիմա հսկայական ու երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույց է ղեկավարում: 44-օրյա պատերազմից հետո պետք է արագորեն վերլուծվեին հանգամանքները, եզրակացություններ արվեին ու դրանց համապատասխան բարեփոխումներ արվեին, մոլբիլիզացիան, ըստ էության, նույնիսկ պետք է ավելանար, որովհետեւ տարածքների հանձնումով Հայաստանի անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է:
Կարդացեք նաև
Արագ գործելու փոխարեն ի՞նչ տեսանք` կադրային ջարդ սկսվեց, որն առ այսօր չի դադարում, ավելի շատ տարածքներ հանձնվեցին, նույնիսկ այնպիսիք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէին հանձնել: Ըստ էության, այսպես կոչված օպտիմալացման անվան տակ կրճատվում են զինված ուժերը, պետությունը որեւէ կերպ պատասխանատվություն չի դրսեւորում գերիների, զոհվածների, անհետ կորածների, վիրավորների մասով: Անգամ դրամական հատուցումները ամիսներով ձգձվում են, չեն վճարում, հայտարարում, թե պետությունը պատերազմում վիրավորվածներին պետպատվերով չի բուժում: Գործող իշխանությունը որեւէ բանի համար չի ուզում պատասխանատվություն կրել, անընդհատ հարվածում է զինվորականներին, ու պատերազմի ավարտից հետո բոլոր առումներով հետընթաց ունենք:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում