Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալիեւը մտահոգված

Հունվար 15,2022 10:00

Նախորդ հոդվածում նշել էի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ագրեսիվ ուղերձներն ուղղված են ոչ այնքան ներքին՝ ադրբեջանական լսարանին կամ Հայաստանին, որի այսօրվա ղեկավարությունն, ըստ էության, ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է եւ, այսպիսով, առանձնապես իմաստ չկա, ինչպես ասում են, «կոտրել բաց դուռը»: Ագրեսիվ հռետորաբանության հիմնական հասցեատերը, կարծում եմ, Ռուսաստանն է, մասամբ նաեւ՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:

Ձեւով Ալիեւի ելույթները հոխորտալից են, բայց բովանդակության մեջ, եթե ուշադիր կարդանք, լուրջ մտավախությունների տարրեր կան, եւ այդ տագնապներն, անշուշտ, ավելացել են Ղազախստանում վերջին իրադարձություններից հետո: Ի հեճուկս Հայաստանում տարածված կարծրատիպերի՝ Պուտին-Նազարբաեւ եւ Պուտին-Տոկաեւ հարաբերություններն այնքան էլ հովվերգական չեն, եւ, ի դեպ, անկախ նրանից՝ կմնա՞ն Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը, թե՞ չեն մնա, խնդիրներն ամենեւին էլ լուծված չեն:

Այդ իրադարձություններն, անշուշտ, ազդանշան են նաեւ Ալիեւի համար: Փորձառու քաղաքական գործիչ լինելով՝ նա հասկանում է, որ իր, ինչպես նաեւ Էրդողանի «թագավորությունը» կարող է եւ հավերժ չլինել: Այդ երկու լիդերները կարող են այնպես, մեղմ ասած, «վերջնականապես հոգնեցնել» թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին եւ թե՛ Արեւմուտքին, որ նրանց հանդեպ վերաբերմունքը կդառնա ավելի քան սառը, իսկ աշխարհի առջեւ միայնակ լինելը (կամ միայն Պակիստանի աջակցությունն ունենալը) դժվար կլինի:

Միայնակ նույնիսկ Հիտլերը չի դիմացել: Ալիեւին շտապ պետք են նոր «հաջողություններ»՝ «խաղաղության պայմանագրի», իրեն հարմար սահմանազատման-սահմանագծման եւ «միջանցքի» տեսքով: Ո՞վ է հարցը հետաձգում: Հայաստա՞նը, որի վարչապետը կանի այն, ինչ իրեն Պուտինը կհրահանգի: Ոչ, գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է, եւ որոշ չափով նաեւ՝ Արեւմուտքը:

Ինչպես հայտնի է, ավտորիտար երկրներում իշխանությունն ընտրությունների միջոցով չի փոխվում: Եթե մոտակա 30 տարվա ընթացքում Փաշինյանին հաջողվի ընտրություններ անցկացնել, ապա նա ամեն անգամ կվերարտադրվի, եւ քաղաքացիների վերաբերմունքն այստեղ վճռորոշ գործոն չի լինի: Նույնը՝ Ադրբեջանում, Թուրքիայում եւ այլուր: Իշխանությունը սկզբից պետք է փաստացի փոխվի փողոցում ու հետո միայն իրավիճակն ամրագրվի քվեարկությունների եւ ընտրությունների միջոցով: Դրա համար պետք է ա/ քաղաքացիների խիստ դժգոհությունը, բ/ վերնախավի լուրջ պառակտումը, գ/ «հովանավոր» երկրի (երկրների) աջակցության բացակայությունը:

Հիշյալ երեք երկրների պարագայում դա այս պահին ֆանտաստիկ է թվում: Բայց նույնքան անիրական էր դա թվում Ղազախստանում՝ ահա թե ինչու է Ալիեւը մտահոգված: Եթե նման սցենարի դեպքում Փաշինյանը հեռանալու է ոչ կոմպետենտության, պաշտոնին չհամապատասխանելու պատճառով, ապա Ալիեւին եւ մանավանդ Էրդողանին շատ ավելի լուրջ մեղադրանքներ են սպասվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նյուրնբերգյան դատավարությունը դատում էր ոճրագործություն կատարող հիտլերներին, բայց մինչեւ հիմա այդ ոճրագործության կազմակերպիչները չեն բացահայտվում ու չեն դատվում, իսկ եթե չկա դատավարություն, ուրեմն նոր ոճրագործության կազմակերպում կլինի եւ այսօրվա համաշխարհային սցենարները ի կատար են ածում այսօրվա պետությունների ղեկին դրված հիտլերներն ու հիտլերիկները, որոնք միայն կատարողներ են’ նույնն է թե պոլի փեդին իր պոլի շորի հետ մեղադրես, այլ ոչ թե դրանց օգտագործողներին: Մեզ ամեն անգամ շեղում են իրական պատճառից եւ հրամցնում բարձրաստիճան մանկլավիկներին որպես պատճառ, իսկ իսկական պատճառը’ դա մեր թուլությունն է, մեր մանրախնդրությունը, մեր անհավատությունը եւ մեր հանցավոր համեստությունը սեփական ուժերի նկատմամբ գլոբալ ուժերի հետ գոյամարտում: Երբ մենք մեր ներսի թուլություններից ազատվենք, դրսում մենք թշնամի չենք ունենա’ բոլորը կլինեն մեր բարեկամները:
    Այսօր ինֆլյացիոն ռիսկեր են նկատվում բոլորի համար, այնպես որ մեր փոքր քանակի մեծահարուստներն ու մեծ քանակի փոքրահարուստները իրենց փողերը լավ է ներդնեն ազգի նոր սերունդների դաստիարակության ու կրթության մեջ, նոր սերնդի հաջողությունները պետք է լավ վարձատրվի եւ ապահովի այդ երեխաների ընտանիքների նորմալ կենսամակարդակը, իսկ նրանց ծնողները թող ասենք քառասուն տարեկանից գնան թոշակի, երբ բազմազավակ ընտանիք դառնան: Սա վերաբերում է աշխարհի հայությանը եւ հայամետ ազգերին, մշակել ազգային դաստիարակության եւ կրթության նորմեր եւ մեր հաջողված փորձը տարածել հայասեր հայամետ ազգերի մեջ, պահպանելով եւ զարգացնելով նրանց ազգային արժեքները: Բայց առաջին հերթին մե՛նք հայերո՛վ պետք է դառնանք հայասեր եւ հայամետ: Սա էլ կլինի մեր գլոբալ պատասխանը այսօրվա գլոբալ ուժերին: Չկա չարիք առանց բարիքի, պետք է յուրաքանչյուր իրադրություն վերլուծել ստեղծագործաբար եւ Արարչին նվիրաբերել մեր արարչագործությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31