Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ունեցանք առանց քննչականի դատախազություն ու ոստիկանություն, բայց քննչականով ՊԵԿ եւ ԱԱԾ»

Հունվար 15,2022 14:00

Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերում կուսակցականներից, բլոգերներից, լրագրողներից հետո ամենաակտիվը իրավաբաններն են, փաստաբանները: Եվ եթե կան քննարկումներ, հիմնականում նրանց էջերում կարող են տեսնել: Չնայած նրան, որ հունվարի հենց առաջին իսկ օրերից վիրավորանք, սուտ մատնության ենթադրյալ հանցագործությունների համար քննչական մարմիններ են կանչվում մարդիկ, ովքեր իրենց կարծիքը, վերաբերմունքն են արտահայտել ՖԲ իրենց էջերում: Տեսնենք վերջին յոթ օրերի գրառումները, որոնք կատարվել են իրավաբան-փաստաբանների կողմից:

Գայանե Գրիգորյան. Կեցցեն արդարադատությունը եւ արդար ու համարձակ դատավորները: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ պարոն Գ. Շահբազյանի, գրեթե 3 տարվա համառ պայքարից հետո այսօր հռչակեց մեր պաշտպանյալների անմեղությունը՝ ճանաչելով նրանց անպարտ։ Մեր պաշտպանյալներին մեղսագրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1, 6,7, 8 կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով, 185 հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով նախատեսված հանցավոր արարքներ (Երեւան-Սեւան ավտոճանապարհին 02.08.2019թ.-ին տեղի ունեցած հայտնի պայթյունի գործն է): Մեղադրողը պաշտպանյալիս նկատմամբ 19 տարվա ազատազրկում էր պահանջում:

Ռուբեն Մելիքյան. Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Լուսինե Հովհաննիսյան) ավարտեց նախկին գերի, մեր վստահորդ Սերժիկ Ամիրխանյանի կալանքի վերաքննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը: Սերժիկ Ամիրխանյանը 55 օր է, ինչ շարունակական անազատության մեջ է (20-ը՝ ադրբեջանական, 35-ը՝ հայկական բանտում):

Ա. Մկրտչյան. «Քննչական մարմին» բառակապակցության գաղափարն ու իմաստն աղավաղված դարձան այն ժամանակ, երբ ունեցանք առանց քննչականի դատախազություն ու ոստիկանություն, բայց քննչականով ՊԵԿ եւ ԱԱԾ։ Այս տրամաբանությամբ շուտով կունենանք Էկոնոմիկայի եւ մշակույթի նախարարության քննչական։

Հայկ Ալումյան. Պարադոքսներ Ն. Փ.-ից. ՀՀ զինված ուժերը չեն կարող օգտագործվել ՀՀ-ում՝ զանգվածային զինված անկարգությունները կանխելու համար: Սակայն կարող են այդ նույն նպատակով օգտագործվել Ղազախստանում: Մյուս կողմից, զանգվածային զինված անկարգություններ Հայաստանում կազմակերպել կարելի է (նույնիսկ ողջունելի է), սակայն Ղազախստանում՝ չի կարելի:

Հ.Գ. Խոսվում էր, որ կա տրամաբանության երկու ձեւ՝ կանանց եւ տղամարդկանց: Այսուհետ կա նաեւ երրորդը:

Արամ Վարդեւանյան. Հիշեցման կարգով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱՊԿ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄԻ դեպքում՝ ԱՆՀԱՊԱՂ տրամադրում է անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ։ Հիշեցման կարգով Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները» Ադրբեջանին շնորհավորող, ամեն ինչով օժանդակող Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ԴԻՄՈՒՄԻ պայմանում:

Գեւորգ Դանիելյան. Թուրքիան՝ Հայաստանի հետ փոխհարաբերության նախադրյալներից մեկը համարել եւ համարում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Իրենց պաշտոնական դիրքորոշմամբ՝ «ցեղասպանություն» տերմինը չի կարող օգտագործվել, քանի որ «ցավալի իրադարձությունները եղել են 1948 թվականից առաջ»: Ընդ որում, հենց այս օրերին դատախազը միջնորդել է արդարադատության նախարարին, որպեսզի հետաքննություն իրականացվի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կենտրոնական գործադիր խորհրդի 26 անդամի նկատմամբ՝ «Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար»։ Դարձյալ գործի է դրվում տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում «թուրքական պետությանը վիրավորելու համար»: Մի կողմ թողնենք խնդրին առնչվող Հայաստանի Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումները, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն կարող, իրավասու չեն անտեսելու սեփական դատական ատյանների 1919-21 թթ. մի քանի տասնյակի հասնող դատավճիռները, որոնց մի մասով ներկայումս «ցավալի իրադարձություններ» կոչված դեպքերը բոլորովին այլ կերպ են որակվել. «Էթնիկական դրդապատճառներով հայ ազգի ներկայացուցիչներին կենտրոնական պետական եւ կուսակցական վերնախավի կողմից կազմակերպված զանգվածային բնաջնջում, այդ թվում՝ բռնի տեղահանումների միջոցով»: Այդ դատավճիռներն արձակած դատավորները հետագայում՝ 30-ականների սկզբներին կախաղան են բարձրացվել, բայց դատական ակտերը մնացել են ուժի մեջ: Դատական ակտերով շատերն անգամ մահապատժի են դատապարտվել: Ընդ որում, Սողոմոն Թեհլերյանին առավելապես արդարացրել են այն հիմքով, որ վերջինս կյանքից զրկել է արդեն իսկ մահապատժի դատապարտված էթնիկական դրդապատճառներով հայության դեմ ոճրագործություն կատարելու կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին: Այլ հարց, որ այդ սրիկան Գերմանիայում օժտվել է կեղծ փաստաթղթերով ազատ տեղաշարժի իրավունքով: Հայոց Եղեռնը էությամբ ճշգրիտ համապատասխանում է ցեղասպանության հանցակազմին, իսկ այդ արարքը հանցագործություն է որակվել դեռեւս 20-րդ դարի սկզբներին գործող միջազգային իրավունքի աղբյուրներով, իսկ այն, որ դրան հետագայում ստույգ անվանում է վերապահվել՝ ցեղասպանություն, բնավ չի նշանակում, որ մինչ այդ տեղի ունեցած նմանաբնույթ ոճրագործությունները սոսկ «ցավալի իրադարձություններ» են եղել: Թուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները:

Մարինե Թովմասյան. ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ կայացվեց արդարացման դատական ակտ:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր՝ Գ. Մարգարյան:

Արսեն Մկրտչյան. Նոր Քրեական օրենսգրքում՝ հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով

1.Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետեւյալ ժամկետները.

1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.

Հարց` սա գրողն ու սրա օգտին քվեարկողները խաբա՞ր են, որ բացի ՀՀ Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի առումով խնդրահարույց լինելուց, այս դրույթն էլ ավելի է անգյալացնելու ու ջանասիրությունից իսպառ զրկելու է քննչական մարմիններին՝ իբր թե ծանրաբեռնված քննիչներին։ 5 տարին սխալ է:

Իմ կարծիքով, անհաջող փոփոխություն է ու, քանի դեռ ուժի մեջ չի մտել` պետք է բերել նախկին տեսքին։

Խաչատուր Մարոզյան. Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, որոշմամբ բավարարեց իմ բողոքը ՀՀ գլխավոր դատախազության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի եւ քննիչի` «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ։ Շնորհակալություն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին եւ հիշյալ դատական կազմին` գործի ճիշտ եւ օբյեկտիվ քննության համար:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31