Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ մոտեցում գովազդի նկատմամբ

Հունվար 15,2022 13:30

Գաղտնիք չէ, թե գովազդն ինչ ահռելի նշանակություն ունի առեւտրում: Գովազդն արգելվում է, եթե այն վնասակար հետեւանքներ կարող է ունենալ բնակչության համար: Գոյություն ունի գովազդի մասին օրենք, որը պետք է կանոնակարգի գովազդի իրականացման վերաբերյալ ողջ գործընթացը: Չփորձելով խորանալ այդ օրենքի մանրամասների մեջ, նշենք միայն, որ մեր երկրում գովազդը արվում կամ արգելվում է ըստ հայեցողության: Օրինակ, քանի որ ըստ գովազդի մասին օրենսդրության՝ արգելվում է ծխախոտի գովազդը, 2022թ. հունվարի 1-ից խանութներում եւ ծխախոտի վաճառքի կետերում արգելվում է ծխախոտի բաց ցուցադրությունը: Դրանք կտեղադրվեն անտեսանելի ծածկույթների տակ, որն իհարկե՝ ճիշտ գաղափար է, քանզի այն վնասում է ժողովրդի առողջությունը:

Կառավարության որոշմամբ նաեւ կարգելվի առեւտուրն իրականացնել պոլիէթիլենային տոպրակներով, քանզի նախ այդ տոպրակները քիմիացված են, մաքուր սննդային չեն, իսկ մյուս կողմից՝ դրանք միանգամյա օգտագործումից հետո դառնում են աղբ եւ հեղեղում բնակավայրերը: Կարծում եմ, սա եւս ընդունելի է:

Սակայն այս ամենի կողքին լիովին անհասկանալի է խաղային գովազդների ցուցադրությունները, որոնք կործանել եւ շարունակում են մեծ թափով կործանել հազարավոր ընտանիքներ: Ցավում եմ, որ պրակտիկորեն հնարավորություն չկա իրականացնելու այնպիսի վիճակագրական վերլուծություն, որի արդյունքում կպարզվի, թե խաղամոլության արդյունքում որքան ընտանիքներ են լիովին սնանկացել՝ կորցնելով միակ, կամ վերջին բնակարանը, որքան վարկեր են վերցրել եւ դարձյալ կորցրել խաղամոլության արդյունքում: Խաղամոլությունը ոչ այլ ինչ է, քան շատ դժվար բուժելի հիվանդություն, որով առաջին հերթին վարակվում են պատանիները, երիտասարդները, շատ դեպքերում նաեւ՝ չափահասները: Իհարկե, նման մարդիկ բացարձակապես ներելու տեղ չունեն, սակայն հայաստանյան կյանքի հատկապես վերջին մոտ 20 տարիների գործազրկության աննախադեպ աճը, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն ու էլի մի շարք գործոններ այնպիսի հող ստեղծեցին երկրում, որ մարդկանց որոշ մասը նաեւ այդ պատճառով գնացին այդ քայլին: Սակայն կրկնում եմ, նման քայլերը ոչ մի պարագայում արդարացում չունեն:

Ինչպես վերեւում նշվեց, այս հիվանդությամբ տառապողները հիմնականում պատանիներ եւ երիտասարդներ են, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ հայկական մենթալիտետում ծնողները չափից շատ են փայփայում իրենց երեխաներին եւ հենց դրանից էլ օգտվելով, այդ հիվանդ երեխաները՝ իրենց գաղտնի վերցրած պարտքերը եւ վարկերը մսխելուց հետո, հարցը կտրուկ են դնում ծնողների առաջ. «Կամ պարտք վերցրեք, կամ վարկ վերցրեք (եթե արդեն «սեւ ցուցակում» չեն), կամ տունը, կամ այլ ունեցվածք վաճառեք (եթե դեռ կա նման ունեցվածք), այլապես ինձ կսպանեմ, կկախեմ, մոստից կգցեմ …», որին շատ ծնողներ պարտադրված տուրք են տալիս, հայտնվում աներեւակայելի պարտքերի տակ, կորցնելով ընդհուպ վերջին կացարանը՝ տունը: Ահա սա է խաղամոլության գովազդի վերջնարդյունքը, որը հեռուստատեսային բոլոր ալիքներով մշտապես եւ անընդհատ գովազդվում է:

Դե, բերեք կոպիտ համեմատություն անցկացնենք ծխախոտի գովազդի արգելման եւ խաղային գովազդների չարգելման՝ մշտապես հեռարձակման արդյունքների միջեւ եւ տեսնենք, թե մոտավոր ինչ պատկեր կունենանք: Կարծում եմ, ծխելու գովազդն արգելելու դեպքում արդյունքը չափազանց փոքր կլինի, քանզի անցումային տարիքում (ծխելը հիմնականում սկսում են այդ ժամանակ) ծխել-չծխելը հիմնականում լինում է շրջապատի ազդեցության, այլ ոչ թե գովազդի արդյունքում:

Այնպես որ, այդ գովազդը համարյա չի ազդում ծխողների քանակի փոփոխության վրա: Բացի շրջապատի որոշակի ազդեցությունից, մարդկանց խաղամոլությամբ հիմնականում վարակում են նմանատիպ գովազդները: Եվ բնական է, որ այս պարագայում խաղամոլների թվի չափազանց մեծ աճ է արձանագրվում, որը բերում է վերը նշված տխուր հետեւանքներին: Արդյունքում մի տեսակ անհասկանալի է դառնում, թե գովազդն իրականում արգելվում է նրա հետեւանքով առաջանալիք վնասների դեմն առնելու համար, թե դրանք արվում են ընտրովի եւ ինքնանպատակ, քանզի մեր օրերում ԶԼՄ-ներով հեռարձակվող այն գովազդներն են արգելվում, որոնցից օգուտը չնչին է ու ինտենսիվ շարունակվում է այն գովազդների ցուցադրությունը, որոնց պատճառած վնասներն անհամեմատ՝ մեծ վնասներ են հասցնում բնակչությանը: Ասվածը մեկ օրինակն է այն բազմաթիվներից, որն աբսուրդի է նմանվում, քանզի ստացվում է, որ արգելվում են այն գովազդները, որոնց վնասները էապես փոքր են՝ համեմատած չարգելված գովազդների հետ, որոնց վնասներն անհամեմատելիորեն մեծ են:

Թե ինչու է նման մոտեցում որդեգրվել, եզրակացությունը թողնում եմ ընթերցողին …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31