Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե դեմ եմ եղել հայտնի դառնալ կամ գովազդվել հայտնիների շնորհիվ»

Հունվար 15,2022 13:00

Հավաստիացնում է մոսկվաբնակ վարսահարդար-ոճաբան Սպարտակ Նավասարդյանը (Պանշին)

Վարսահարդարման արվեստը հազարամյակների պատմություն ունի։ Արիստոֆանեսի եւ Հոմերոսի գրվածքներում նույնիսկ հիշատակվում է վարսահարդարության մասին։ Աֆրիկյան որոշ մշակույթներում հավատում էին, թե մարդու հոգին տեղակայված է մազերի մեջ։ Հասկանալի պատճառով այս ոլորտի հանդեպ անտարբեր չէ, եւ նույնիսկ շրջանցել չի կարող ոչ մի ազգ։ Իսկ վարսահարդարի մասնագիտությունը տեղում դոփող արվեստ չէ։

«Առավոտը» հաճախ անդրադառնում է այդ ոլորտին՝ հյուրընկալելով ինչպես մեր համերկրացիներին, այնպես էլ այլ ազգի մասնագետներին, որոնք հասել են առանց չափազանցության բարձունքների եւ որոնց ծառայությունից օգտվում են ճանաչված ու աշխարհահռչակ անհատներ։ Օրինակ, 2021թ. վերջերին հարցազրույց ենք վարել Գարի Մադաթյանի հետ, առանց որի ստեղծագործական աշխատանքի դժվար է պատկերացնել այնպիսի մեգաաստղերի նույնիսկ ստեղծագործական գործունեությունը, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Բրիթնի Սփիրսը, Քիմ Քարդաշյանը եւ այլն։ Երեւանում գործունեություն ծավալած վարսահարդար-ոճաբան Սրապ Շիրինյանին էլ վերջերս համաշխարհային Loreal բրենդը շնորհեց Հայաստանում «գեղարվեստական գործընկերոջ» կոչում-կարգավիճակ։

Օրերս հյուրընկալել էինք ծնունդով Կապանից՝ Մոսկվայի նման մեգապոլիսում ճանաչում ձեռք բերած վարսահարդար-ոճաբան Սպարտակ Նավասարդյանին։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ 2011թ. վարսահարդարի մասնագիտությունը ձեռք բերելու նպատակով մեկնել է Մոսկվա, ուսանել Սերգեյ Զվերեւի ստուդիայում, իսկ արդեն 2012թ. սկսել գործունեությունը։ Մասնակցել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայացած 11 միջազգային մրցույթների, որոնցից 10-ում զբաղեցրել միայն առաջին հորիզոնականը, միայն մեկ անգամ Եկատերինբուրգում 370 մասնակիցների մրցապայքարում հայտնվել է առաջինից ընդամենը մեկ- երկու աստիճան ցածր հորիզոնականում։ Ընդ որում՝ ժպիտով արտահայտվեց, եթե կարելի է ասել՝ իր մեկանգամյա «պարտության» մասին։

Սպարտակ Նավասարդյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում 2016թ. գործում է իր հիմնած սրահը, իսկ Երեւանում 2019 թվականից է բացվել իր սրահը, որը միեւնույն ժամանակ ծառայում է ուսումնական կենտրոն։ Հետաքրքրությանը, դժվա՞ր չէ Մոսկվայում ճանաչված կամ հայտնի ոճաբանի «կարգավիճակ» ստանալ։ Մեր զրուցակիցն ասաց, թե Մոսկվայում ավելի հեշտ է դառնալ ճանաչված, քան Հայաստանում, ասածը ընդամենը մանրամասնելով, թե այնտեղ «գնահատվում ու գնահատում» են աշխատանքը։ Ի տարբերություն ժամանակին մեզ հետ զրուցած բացառապես իր բոլոր գործընկերների՝ Պանշինը չցանկացավ բարձրաձայնել գոնե մի քանի ռուս այն հանրային դեմքերի անունները, որոնք օգտվում են իր մատուցած ծառայությունից։ Ըստ նրա՝ «Ի սկզբանե դեմ եմ եղել հայտնի դառնալ կամ գովազդվել հայտնիների շնորհիվ»։

Համակարծիք լինելով դիտարկմանը, թե կոնկրետ Մոսկվայում մեծ պահանջարկ են վայելում հայ վարսահարդարները, եւ միանշանակ իրենց ոլորտը եկամտաբեր է, մասնագետը հավաստիացրեց, որ իր ծառայությունից օգտվում են ոչ միայն ճանաչված, հայտնի դեմքեր, անկեղծացավ, նաեւ նշելով, թե, իհարկե, այդ դեպքերում, անշուշտ, առկա են գումարային տատանումները։ Նշեց նաեւ, թե վերջերս Եկատերինբուրգում անցկացված միջազգային մրցույթում, որտեղ ինքը հրավիրված էր որպես ժյուրիի անդամ, իսկ մրցույթում ներկայացվում էին միայն հարսանեկան սանրվածքներ։ Առաջին տեղը զբաղեցրել է հայ վարսահարդարը (անունը չմտաբերեց)։

Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղեկացված լինելով, թե Սպարտակ Նավասարդյանը վերջին շրջանում հանդիսանում է բրենդային YODEYMA PARIS օծանելիքի դեմքը, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առժամանակ անց գործունեություն ծավալի Արեւմուտքում, մեր զրուցակիցը հստակ ասաց. «Հակառակը, ցանկություն ունեմ ընդմիշտ Հայաստան վերադառնալու»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31