Ասում է երիտասարդ քամանչահար ու թառահար Գեւորգ Մելիքյանը
Գեւորգ Մելիքյանն ապրում է Արարատի մարզի Ավշար գյուղում։ Դեռ 5-րդ դասարանից հաճախել է Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան Արվեստի դպրոց` քամանչայի դասարան: Զուգահեռ Ջիվանու անվան աշուղական դպրոցում է սովորել, ինչպես նաեւ Ք. Քուշնարյանի անվան Արվեստի դպրոցում՝ թառի դասարանում: Ավարտելով 9-րդ դասարանը՝ ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, որից հետո ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Ուսանելու տարիներին աշխատանքի ընդունվեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում: Նաեւ աշխատում է Վեդի քաղաքի երաժշտական դպրոցում, նվագում է «Նարեկացի» նվագախմբում։
Գեւորգը համերգային շրջագայություններ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ եվրոպական տարբեր երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեյցարիա)։
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական եւ միջազգային փառատոների, արժանացել տարբեր մրցանակների: Ասում է՝ կապ չունի գյուղում ես ապրում, թե քաղաքում: Իսկ իր պարագայում բոլոր դժվարությունները հաղթահարում է: Համոզված է՝ մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված քայլերը կարեւոր են, հատկապես, երբ գյուղերում եւս սկսեն ներկայացումներ բեմադրել, կինոդիտումներ կազմակերպել, ներկայացնել ազգայինն ու ավանդականը:
Կարդացեք նաև
Հարցին` ի՞նչ երաժշտություն է նախընտրում եւ լսում օրվա ընթացքում, Գեւորգը պատասխանեց. «Սիրում եմ լսել տարբեր ժանրերի երաժշտություն, բայց ինձ հոգեհարազատ են ազգային երգն ու երաժշտությունը,-ժպտում է, շարունակելով,-սակայն ցավում եմ, որ դեպի ազգային երաժշտություն հանդիսատեսի պակաս կա։ Այսօրվա մատուցվող երաժշտությունից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարծում եմ` պետք է առաջին հերթին գնահատենք մերը` ազգայինը։ Պետք է լսենք եւ գնահատենք ազգայինը»։
Գեւորգը վաղուց էր մտածում տեսահոլովակ նկարահանելու մասին, սակայն միշտ մի բան խանգարում էր։ Ընկերների աջակցությամբ նկարահանվեց եւ մի քանի օր առաջ հանդիսատեսի դատին հանձնվեց «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակում Գեւորգը ներկայանում է երկու գործիքով՝ թառ եւ քամանչա։
Զրույցի վերջում զրուցակիցս հավելեց, որ աշխատում է երկրորդ տեսահոլովակի ձայնագրության վրա, որից հետո կնկարահանվի տեսահոլովակը եւ կներկայացնի հանդիսատեսին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.01.2022