Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամուն մեր տարածքից դուրս մղելու փոխարեն, առաջարկում ենք է՞լ ավելի հետ քաշել մեր զորքերը սահմանից»

Հունվար 15,2022 14:30

«Ալիեւը հերթական անգամ մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանին, այլեւ ՀԱՊԿ-ին՝ տարածքային հավականություններ ու վերջնագրեր ներկայացնելով Հայաստանին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ թոշակի ուղարկելով միջնորդական այդ ձեւաչափը եւ գլոբալ միջազգային հանրությանը՝ բացահայտ ընդունելով իր ագրեսոր լինելը». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

– Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրացնում է, մասնավորապես, Սյունիքում ու Գեղարքունիքում բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, այնինչ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զորքերը հայելային եղանակով հետ քաշելու անհրաժեշտության մասին թեզն է համառորեն առաջ տանում: Ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ-ի այս դիրքորոշումը։

– Այս աբսուրդային իրավիճակը սկսվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ չնայած հստակ ամրագրմանը, որ զորքերը մնում են այդ պահին եղած դիրքերում, առանց պաշտոնական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի, Հայաստանը սկսեց տարածքներ զիջել Ադրբեջանին: ՀՀ գործող իշխանությունը, որը «դե յուրե» ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման եւ անվտանգության երաշխավորն է, պարզապես համակերպվեց սեփական երկրի տարածքում թշնամական զորքի ներկայությանը: Ադրբեջանական կողմը, երեւի ինքն էլ ապշած նման հաջողությունից, հետեւողականորեն ամրապնդում է սեփական դիրքերը եւ նորանոր սադրանքների դիմում: Սադրանքների պատճառներն ու նպատակները լրիվ առանձին վերլուծության առարկա են:
Ինչ վերաբերում է զորքերը հայելային հետ քաշելու եւ միջազգային, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մոնիթորինգային մեխանիզմներ տեղադրելու առաջարկին, որը սկզբում արեց Փաշինյանը, իսկ հետո կրկնեց նաեւ ԱԳՆ-ն, իրենց բնույթով աբսուրդային են: Ստացվում է՝ թշնամին իր զորքը մտցնում է մեր երկրի տարածք, ամրապնդվում, իսկ մենք սեփական ուժերով եւ միջազգային առկա երկկողմ ու բազմակողմ մեխանիզմների գործարկմամբ նրան մեր տարածքից դուրս մղելու փոխարեն, առաջարկում ենք է՞լ ավելի հետ քաշել մեր զորքերը սահմանից: Ո՞րն է տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմին, մենք արդեն ունենք մեխանիզմ, որը պետք է ապահովեր մեր սահմանների պաշտպանությունը՝ ՀՀ-ՌԴ պայմանագրերի, ՀԱՊԿ-ի ներքո գործող մեխանիզմների տեսքով: Բայց Փաշինյանը ոչ միայն չի ձեռնարկում անհրաժեշտ քայլերը, որ այս մեխանիզմները գործեն, այլեւ ամեն ջանք գործադրում է դրանք հեղինակազրկելու եւ դրանց փոխարեն միջազգային, այսինքն՝ նաեւ Արմուտքի ներգրավմամբ անհասկանալի մեխանիզմներ հորինելու:

– Ուշագրավ էր Վարդենիսի հատվածում վերջին միջադեպերի առիթով ՀՀ պետական այրերի լռությունն այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարը բավական ակտիվ որոշում եւ մեկնաբանում էին Ղազախստան՝ ՀԱՊԿ զորքեր ուղարկելու անհրաժեշտությունը՝ նաեւ ՀԱՊԿ կառուցակարգերը աշխատեցնելու մասով, այդ թվում նաեւ հայկական ստորաբաժանման գործուղումը Ղազախստան: Ինչու՞ ՀՀ սահմանների դեմ ոտնձգությունների պարագայում նման ջանասիրություն չի ցուցաբերվում ՀՀ իշխանության կողմից:

– ՀԱՊԿ-ին առնչվող հարցերում Հայաստանի պետական այրերի ակտիվությունը որեւէ կերպ պայմանավորված չէր նրանց հետաքրքրվածությամբ կամ լուրջ դերակատարմամբ. պարզապես Հայաստանն, ըստ ռոտացիայի, ՀԱՊԿ նախագահող երկիր է, եւ Հայաստանն ուներ ՀԱՊԿ ղեկավարի ֆորմալ դերակատարում: Այլ հարց է, որ նույնիսկ այս պարագայում համոզվեցինք, թե Փաշինյանի օրոք եւ նրա պատճառով ինչպես է զրոյացվել մեր երկրի սուբյեկտայնությունը:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածության հետ կապված լռությանը, ապա սա իրոք բավական լուրջ հարց է, որովհետեւ արդեն մեկ տարի է մենք ականատես ենք լինում Հայաստանի գործող իշխանության անգործությանը՝ մեր տարածքային ամբողջականության եւ անվտանգության նկատմամբ լրջագույն ոտնձգությունների պարագայում: Մի կողմից՝ անգամ թվացյալ ջանքերը հետեւողական եւ կայուն չեն, մյուս կողմից՝ այս իշխանությունների միջազգային հեղինակությունն այնքան ցածր է, որ գործադրված ջանքերն էլ անտեսվում են: Որեւէ իրական, գործուն քայլ չի ձեռնարկվում թե՛ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու, թե՛ առկա միջազգային մեխանիզմները գործի դնելու համար: Ավելին, նույնիսկ այդ իրավիճակում Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան կառուցելուց եւ սրտնեղում, որ դրա համար ամուր նյարդեր են պահանջվում:

Վարչապետը եւ ԱԳՆ-ն մինչ այս պահը նույնիսկ չեն արձագանքել ընդամենը երեկ Ալիեւի արած կոշտ հայտարարություններին եւ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին, ուժի հերթական սպառնալիքին:

– Միջազգային կառույցների արձագանքը վերջին միջադեպին նախորդներից չէր տարբերվում՝ կոչ երկու կողմերին՝ վերադառնալ քաղաքական երկխոսության. սա ընդամենը հայկական դիվանագիտության բացակայությա՞ն արդյունք է, թե՞ աշխարհաքաղաքական խաղացողների շահերի:

– Հարցը երկու կողմ ունի: Առաջինը՝ դժվար է միջազգային հանրության ադեկվատ արձագանք կամ քո շահերը արտահայտող որեւէ հայտարարություն, քայլ ակնկալել, երբ դու ինքդ չես պաշտպանում քո շահերը եւ ընդհանրապես այնպիսի քաղաքականություն ես վարում, որ դժվար է սահմանել քո երկրի շահն ու քաղաքականության նպատակը:

Երկրորդը՝ միջազգային հանրությունն այսօր ինքը պետք է գա գիտակցման, որ լռությունը, անտարբերությունն ու արհեստական բալանսներ ստեղծելու ձգտումը վտանգում են տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը, կայունությունը: Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, տարածաշրջան ահաբեկիչներ ներգրավելն ու պատերազմական մի շարք հանցագործություններն անպատիժ ու մեծ հաշվով անարձագանք մնացին աշխարհի կողմից: Արդյունքում, այսօր Ադրբեջանի նախագահն արդեն բաց տեքստով հայտարարում է, որ միջազգային նորմերը չեն գործում, ուժով են լուծվում հարցերը ու ինքն օգտվել է ճիշտ պահից ու զենքի ուժով լուծել Արցախյան հարցը: Եվ նույնիսկ այս իրավիճակում, մենք չենք տեսնում միջազգային հանրության օպերատիվ կոշտ արձագանքը:
Ալիեւը գրեթե անպատվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, եւ մենք չենք տեսնում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ այդ երկրների արձագանքը: Սա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ այս գործիքակազմը նախընտրող այլ ուժերի մոտ անպատժելիության զգացում է առաջացնում, եւ թող հետագայում միջազգային հանրությունը չզարմանա, թե ինչո՞ւ է աճում ահաբեկչությունն ու ինչո՞ւ են հաճախակի դառնում ուժի կիրառման դեպքերը տարբեր տարածաշրջաններում:

– Ի՞նչ նպատակ էին հետապնդում Ալիեւի վերջին հայտարարությունները:

– Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային հանրության լռությունից, Հայաստանի գործող իշխանության զիջողական, պարտվողական կեցվածքից եւ լիովին փոխել օրակարգը, փակել Արցախյան հակամարտության էջը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, իր ու իր եղբայր Թուրքիայի համար նպաստավոր բանակցային միջավայր ստեղծել:

Ալիեւը ձգտում է ամրագրել, որ Արցախյան հակամարտության էջը փակված է, այլեւս կյանքի իրավունք չունի այդ գործընթացի միջնորդությամբ զբաղվող ձեւաչափն ու դրա ներքո մշակված սկզբունքները, մոտեցումները: Օրակարգը փորձ է արվում տեղափոխել այլ դաշտ՝ խաղաղության պայմանագրի կնքում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ, Արցախի իզոլացման խորացում եւ այլն:

Զուգահեռ, Ալիեւը փորձում է փոխել նաեւ Լաչինի միջանցքի կարգավիճակը, դրա ընկալումը: Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հստակ ամրագրվել է Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժի ապահովման պարտավորությունը, սակայն այսօր Ալիեւը հայտարարում է, որ կարող է ցանկացած անձի ձերբակալել, մուտքն արգելել եւ իրեն դրա համար ոչինչ չեն անի: Սա նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ Լաչինի միջանցքի միջեւ հավասարության նշան դնելու Բաքվի քաղաքականության շարունակությունն է:
Միաժամանակ, Ալիեւն աստիճանաբար սկսում է մեծացնել հավակնությունները Սյունիքի նկատմամբ՝ միջանցքի, կամ կապող ճանապարհի իր ընկալումը ներկայացնելով, որն արդեն չի սահմանափակվում ավտոմոբիլային եւ երկաթգծային հաղորդակցությամբ, այլեւ էլեկտրահաղորդման գծեր, հետագայում գազամուղ է ներառում:

Աստիճամանաբար հող է նախապատրաստվում նաեւ ժամկետը լրանալուն պես ռուս խաղաղապահների դուրսբերման հարց բարձրացնելու համար:

Փաստացի, Ալիեւը հերթական անգամ մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանին, այլեւ ՀԱՊԿ-ին՝ տարածքային հավականություններ ու վերջնագրեր ներկայացնելով Հայաստանին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ թոշակի ուղարկելով միջնորդական այդ ձեւաչափը եւ գլոբալ միջազգային հանրությանը՝ բացահայտ ընդունելով իր ագրեսոր լինելը: Փաշինյանն այս ողջ ընթացքում «արջի ծառայություն» է մատուցել Ալիեւին՝ ստեղծելով վերջինիս մոտ ամենակարողության պատրանք: Սակայն, Ալիեւը մոռանում է, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, իսկ միջազգային աշխարհաքաղաքական դասավորությունները փոփոխվող, եւ երկարաժամկետ տեսանկյունից նման քաղաքականությունն անպատժելի մնալ չի կարող:

– Հունվարի 14-ին նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնացներ Սերդար Քըլչիքչի եւ Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը: Ի՞նչ սպասել:

– Ցավոք, ամեն ինչ կախված է Թուրքիայից եւ դիվանագիտության էթիկայի հանդեպ նրա հարգանքի աստիճանից: Հայաստանի ներկայիս իշխանությունը Թուրքիայի հետ այս երկխոսությունում օրակարգ նախաձեռնող չէ, ներկայացնող չէ, թելադրող չէ: Թուրքիան փորձելու է հասնել իր բոլոր նախապայմանների բավարարմանն ու ստեղծված հնարավորությունից օգտվելով լուծել այն բոլոր հարցերը, որ տարիներ շարունակ իրեն չի հաջողվել լուծել:

Այստեղ ուշագրավն Ադրբեջանի դերակատարումն է, որը ձգտելու է դանդաղեցնել գործընթացը քանի դեռ լուծված չեն իր համար կարեւոր հարցերը՝ Հայաստանը չի ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, չի տրամադրվել իր բաղձալի միջանցքը եւ այլն: Այս տեսանկյունից, Ալիեւի հարցազրույցի համար ընտրված ժամկետը պատահական չէր եւ, մի կողմից՝ խնդիր էր հետապնդում Թուրքիայի հետ բանակցություններից առաջ ճնշում գործադրել Հայաստանի վրա, մյուս կողմից՝ հիշեցնել սեփական շահերի եւ օրակարգերի մասին:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31