Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 13-ին, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը ոստիկանություն հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքում տեղակայված «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում գտնվող առկա գույքի մի մասը պակասում է։
Մասնավորապես, խցերում գտնվող սառնարանների շարժիչները չկան, գողացել են խցերի վարդակները, լույսերը, խցերի սանհանգույցների ծորակները, պղնձյա խողովակները, սանհանգույցներում տեղադրված բաքերը, հատակների լամինատները, դռները, լոգարանի ծորակները։
Ըստ Արտակ Ղազարյանի, 2021թ-ի դեկտեմբերի 21-ից մինչեւ 2022թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՔԿՀ-ի շենքի եւ գույքի պահպանությունը իրականացրել են հիմնարկի աշխատակիցները, իսկ այս տարվա հունվարի 1-ից շենքի պահպանությունը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոնական պահպանությանը։ Այդ ժամանակ էլ պարզվել են, որ շենքում գտնվող գույքի մի մասը չկա։
Ոստիկանությունում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, «Հրազդան» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցվել է, իսկ պատիժ կրող անձանց տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկներ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ