Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը համայնքի կազմում ընդգրկված 16 բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել, այդ թվում՝ Ուրցաձորում։ Ուրցաձորի արդեն նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ այդ որոշումն անօրինական է․ «Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ուզում է ազատել ինձ։
Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ եւ նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»։
Արդյոք Գարիկ Սարգսյանի այս որոշումն իրավական հիմք ունի, եւ նա որպես ԺՊ նման լիազորություն ունե՞ր, թե՞ ոչ։ Այս հարցն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը։ Նա ասաց, որ այս երեւույթը եզակի դեպք է եւ օրենքը չի նախատեսում՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ունի՞ իրավունք վարչական ղեկավար նշանակելու, թե՞ ոչ։
«Բայց տրամաբանությունն ու իմ տարիների փորձից ելնելով կարող եմ պարզաբանել իրավիճակը՝ տեղի է ունեցել համայնքների խոշորացում, սա կայացած, ավարտված գործողություն է։ Եթե համայնքները խոշորացել են, դա նշանակում է նրանք այլեւս որպես ինքնուրույն համայնք գոյություն չունեն։ Եթե համայնքներ չկան, կառավարման մոդելն ենթադրում է, որ այդտեղ պետք է լինեն վարչական ղեկավարներ։ Ըստ օրենքի, վարչական ղեկավարին նշանակում է համայնքի ղեկավարը։ Իսկ եթե չկա համայնքի ղեկավար, ապա նրա փոխարեն դա պետք է անի նա, ով ի պաշտոնե փոխարինում է։ Օրենքը չէր կարող նախատեսել, որ կարող էր նման «կուրյոզ» դեպք տեղի ունենար՝ երեք գործընթաց են համընկել՝ վարչատարածքային բարեփոխումը՝ խոշորացումը, ընտրական նոր համակարգը՝ համամասնականը, եւ վարչական ղեկավարների նշանակումը։ Օրենքը նման բան չի նախատեսում»,-ասաց Մովսիսյանը։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Ռադիկ Անդրեասյանն էլ ընտրված համայնքապետ էր, եւ ինչպես ինքն էր ասում, իր լիազորությունները դադարելու էին 2023-ին։
«Ռաֆիկ Անդրեասյանի լիազորություններն ավարտվել են խոշորացման օրը»,-այսպես արձագանքեց պարոն Մովսիսյանը։ Նա ասաց, որ այսօր Ուրցաձոր համայնք չկա, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում Ուրցաձոր համայնք չկա, կոչվում է բնակավայր․« Օրենքն ասում է՝ համայնքի ղեկավարները շարունակու են ղեկավարել, մինչեւ ձեւավորվի նոր համայնք։ Այդ ղեկավարները պաշտոնավարել են մինչեւ նոր համայնքի ձեւավորումը, իսկ նոր համայնքը ձեւավորվել է՝ Վեդի խոշորացված համայնքն է, Ուրցաձորը մտնում է այս համայնքի մեջ, իսկ այս համայնքն ունի ղեկավար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ