Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն չէր կարող անձամբ անհապաղ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հեռավար խորհրդակցություն հրավիրելու եւ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշում կայացնելու հարցում որոշիչ դեր ունենալ: «Որ անհապաղ խորհրդակցություններ հրավիրելու վերաբերյալ շատ արագ գրված ստատուսը անմտածված էր առնվազն «արտաքին ուժեր» ձեւակերպման եւ Հայաստանի համար դրա հետեւանքների մասով միանշանակ է: Բայց միջազգային իրավունքը ունի մի շատ կարեւոր սկզբունք՝ այլ պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Այն, ինչ տեղի էր ունենում Ղազախստանի Հանրապետությունում, ըստ էության այդ երկրի ներքին գործն էր, որովհետեւ հասունացել էր բողոքի մեծ ալիք՝ այդ երկրում հեղուկ գազի գնի թանկացման հետ կապված: Չկար արտաքին միջամտություն, չկային փաստեր առ այն, որ ահաբեկիչներ են, ինչպես Տոկաեւն էր հայտարարում կամ Նիկոլ Փաշինյանը: Բայց ունեցանք մի բան, որի հետեւանքները քիչ ժամանակ հետո մենք կքաղենք:
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան զորք ուղարկել էր էլի ի հակադրություն նախկինների: Առնվազն երկու նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք նման բան եղել է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Վրաստան, իսկ Սերժ Սարգսյանը՝ Սիրիա զորք չուղարկեցին: Այսինքն, եթե նախկինները դա չեն արել, ինքը պիտի աներ, որովհետեւ տառապում է նախկիններին հակադրվելու մոլուցքով՝ առանց հաշվի առնելու պետական շահը, պետականությունը, առանց հաշվի առնելու այն փաստը, որ նա վաղուց այս կամ այն անձանց պատվերով իր թերթում հոդված գրող լրագրող չէ, որ այդ ստատուսները, որ գրվում են, խմբագրականներ չեն: Դրանք երկրի բարձրագույն իշխանության կրողի մտքեր, ինչ-որ չափով բովանդակություն արտահայտող տեքստեր են, որ պետության անունից են գրվում եւ հետագայում հենց պետության համար կարող են ունենալ շատ կարեւոր, հնարավոր է՝ նաեւ բացասական հետեւանքներ»,-ասաց բանախոսը «Հայելի» ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ